Կրկին զոհ բանակում. մեկին սպանեց հակառակորդը, մյուսը կրակեց ինքն իրե՞ն
Երկրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Ավետիսյանի մահվան հանգամանքները։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արմենի Ավետիսյանը ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է 2017 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում:
Նախնական տվյալներով՝ մահացու վնասվածքը Կ. Ավետիսյանը հասցրել է ինքն իրեն՝ իրեն ամրակցված գնդացրով:
Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, նշանակվել են փորձաքննություններ։
Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից ապրիլի 25-ին տեղեկացրել էին, որ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Կարեն Արմենի Ավետիսյանը:
Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Ավելի վաղ ՊԲ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, ապրիլի 24-ին և լույս 25-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի արձակած գնդակից ապրիլի 24-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Հմայակի Հարությունյանը: