Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաեւի սպանության գործով ձերբակալված Արման Ջանջուղազյան մոլեռանդ կրոնական է, Իսլամի սուննի ուղղության հետևորդներից: Նա «Ղուրանը» ծոցը ման է գալիս, այն ընթերցում է երեք օտար լեզուներով՝ հունարեն, արաբերեն, անգլերեն: Այս մասին հայտնում է aravot.am-ը:
Բուլվարային թաղի բնակիչները ևս գիտեին, որ նա դրսի հայ է, մոլի կրոնական:
Ինչո՞ւ հոգեկան խնդիրներ ունեցող, զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված, բանակից մեկ ամիս առաջ ազատված երիտասարդը Ստեփանավանից հայտնվեց Գյումրիում ու ո՞րն էր սպանության դրդապատճառը հարցերի շուրջ զրուցել են նրա հանրային պաշտպան Արամայիս Հայրապետյանի հետ:
Ի դեպ, պաշտպանը ևս հաստատել է այն տեղեկությունը, որ Ա.Ջ.-ն բնակվել է Հունաստանում, իսկ մուսուլման հայ լինելու հետ կապված՝ խորհուրդ է տվել սպասել նախաքննական մարմնի պաշտոնական հաղորդագրությանը: Արամայիս Հայրապետյանի փոխանցմամբ, Ա. Ջ.-ն 14 տարի բնակվել է Հունաստանում, Հայաստան վերադարձել է նախորդ տարի՝ 2016 թվականին: Նա, ըստ հանրային պաշտպանի, բնակվում է տատիկի ու պապիկի հետ:
Արամայիս Հայրապետյանի ասելով, Ա. Ջ.-ն մինչ այս դեպքը բնակվել է պապիկի հետ՝ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում, իսկ տատիկը Հայաստանի Հանրապետությունում չէ, բնակվում է Հունաստանում: Փաստաբանի ասելով, ծնողների մասին խուսափում է խոսել, հետևաբար և հայտնի չէ նրանք բաժանվա՞ծ են, թե՞ մահացած: Քույր, եղբայր ունենալու մասին ևս ոչինչ չի ասել, ունի միջնակարգ կրթություն, նախկինում դատապարտված չի եղել:
Փաստաբանը տեղեկացրել է, որ այս պահին նրան մեղադրանք առաջադրված չէ, սակայն կառաջադրվի այսօր, գործն արդեն քննվում է քննչական գլխավոր վարչության վարույթում, այդ իսկ պատճառով հանրային պաշտպանության կարգով նրա շահերի պաշտպանությունը կիրականացնի Երևանի հանրային պաշտպանի գրասենյակը:
Հարցին ինչո՞ւ էր եկել Գյումրի, ո՞ւմ ուղեկցությամբ, Արամայիս Հայրապետյանն ասաց, որ ըստ Ա.Ջ.-ի խոսքերի, առաջին անգամ էր Գյումրիում, ուղեկցողներ չի ունեցել, եղել է մենակ: Իսկ թե ինչո՞ւ էր Ստեփանավանից հասել հանրապետության երկրորդ քաղաք, փաստաբանն ասաց, որ այդ տվյալները չի կարող հրապարակել:
VERELQ-ը տեղեկացրել էր, որ 2017 թվականի ապրիլի 22-ին Գյումրիում սպանվել էր Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, նա ձերբակալվել էր։
Նախնական քննությամբ պարզվել է, որ կասկածյալն ունի հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ։ Մասնավորապես՝ զինվորական ծառայության ընթացքում՝ 2016 թվականի նոյեմբերին, մի քանի անգամ կատարել է ինքնախեղում, և նեղ մասնագիտական հետազոտման նպատակով տեղափոխվել է ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք: Նրա նկատմամբ նշանակվել է ռազմաբժշկական և դատահոգեբուժական ամբուլատոր համալիր փորձաքննություն: