24.11.2024
Փորձագետ. Թուրքիայում զարգացումները չեն անդրադառնա թուրք–ադրբեջանական հարաբերությունների վրա
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Սեյրան Օհանյանը կարող է «արտագաղթել» ռուսական բանակ

Ֆոտո՝ news.gisher.ru
Ֆոտո՝ news.gisher.ru

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Սեյրան Օհանյանն այս օրերին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Չի բացառվում, որ այնտեղ ունեցած հանդիպումների արդյունքում Սեյրան Օհանյանը հայաստանյան քաղաքական ծրագրերին հրաժեշտ տա, ընդմիշտ տեղափոխվի Ռուսաստան եւ աշխատի ռուսական բանակում։ ՀՀ պաշտպանության նախկին նախարարն ու ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շարունակում են շատ սերտ հարաբերություններ պահպանել։ Սեյրան Օհանյանը կարող է ղեկավար աշխատանքի անցնել ռուսական բանակի կրթական հաստատություններից մեկում»:


«Փաստ» օրաթերթի աղբյուրների վկայությամբ` Սեյրան Օհանյանը իր պաշտոնավարման վերջին մեկ-մեկուկես ամսում` 2016 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հասցրել է ավելի քան 450 զինծառայողների դարձնել գործազուրկ: Այսպես ասած` «օպտիմալացրել է»: Պատճառները տարբեր են եղել: Այս լուրը ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց: Նա ասաց, որ օպտիմալացումը շարունակական գործընթաց է, և մշտապես փոփոխություններ են լինում նախարարությունում: Առաջիկայում նույնպես փոփոխություններ են սպասվում:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպե՞ս են Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները՝ հարցրինք ԲՀԿ-ականին։ «Շատ լավ, սակայն Ծառուկյանը ԲՀԿ-ի, պատգամավորական ցուցակի հետ կապված որեւէ հարցում նրա հետ չի կիսվում՝ ամեն բան միայնակ է որոշում: Արգամիչը հիմա Ծառուկյանի վճիռների վրա զրո ազդեցություն ունի»: Իսկ ճի՞շտ է, որ Արգամիչի շրջապատը եկել է այն եզրակացության, որ Սերժ Սարգսյանն ու Արգամիչը երկար ճանապարհ են անցել միասին, ու պետք է հարաբերություններն ինչ-որ կերպ կարգավորել, միջնորդի դերում էլ տեսնում են Սամվել Կարապետյանին, որը վերջերս հյուրընկալվել էր Արգամիչին: «Ինչո՞ւ ոչ»: Դրանո՞վ էր պայմանավորված Հ. Աբրահամյանի ակտիվացումն օրերս: «Հարցը պետք է իրեն ուղղել»: Ի դեպ, նույն շրջանակները կարծում են, որ համագործակցության նոր ձեւաչափում Արգամիչը կարող է եւ ինչ-որ պաշտոն ստանձնել, օրինակ՝ ԱԽՔ-ի պաշտոնը»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Կարեն Դեմիրճյանի 85-ամյակի ֆոնին Հովիկ Աբրահամյանի ակտիվանալը հստակ «մեսիջներ» ուներ։ Նա կրկին ՀՀԿ-ին փորձում է հասկացնել, որ ինքը դեռ կա ու չի պատրաստվում նահանջել։ Ավելին, ասում են, որ հիմա նա ուղիներ է փնտրում ՀՀԿ-ի ղեկավարի հետ գործերը «լավացնելու», մի բան նորից «ձեռքը» գցելու համար։ Սակայն այս անգամ նրա հույսերը կարող են ի դերեւ ելնել, քանի որ ՀՀԿ-ում նրա դեմ բոլոր դռները «կողպել» են»:


«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․ «Այս տարվա մարտին անցած տարվա մարտի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը) աճել է 6.8 տոկոսով: Սա ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալներն են: Առաջին եռամսյակի կտրվածքով ՏԱՑ-ի աճը կազմել է 6.6 տոկոս: Նշենք, որ անցած տարվա առաջին եռամսյակում եւս ԱՎԾ-ն գրանցում էր ՏԱՑ-ի տպավորիչ աճ` մոտ 5.5 տոկոս, սակայն մինչեւ տարեվերջ պատկերը կտրուկ փոխվեց եւ տարվա կտրվածքով մի կերպ հնարավոր եղավ արձանագրել կես տոկոսանոց աճ: Այս տարվա առաջին եռամսյակում արձանագրվել է արդյունաբերության աճ` 16.1 տոկոս, առեւտրի ծավալները աճել են 11.3 տոկոսով, ծառայությունները` 10 տոկոսով: Գյուղատնտեսությունում եւ շինարարությունում գրանցվել է անկում, համապատասխանաբար 1.5 եւ 13.6 տոկոսով: Արտահանման աճը այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 16.5 տոկոս, իսկ ներմուծումը աճել է 17.9 տոկոսով»:


«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած պաշտոնական տվյալներով այս տարվա մարտին անցած տարվա մարտի համեմատ առեւտրի շրջանառությունը աճել է 13.7 տոկոսով, ինչը աննախադեպ ցուցանիշ է վերջին տարիների համար: Աննախադեպ է նաեւ մարտին արձանագրված առեւտրի ծավալի աճը փետրվարի համեմատ` 20 տոկոս: Ամենեւին չի կարելի է բացառել, որ առեւտրի ծավալների նման աճը պայմանավորված լինի ընտրակաշառքով, որը առնվազն երկու կուսակցություն սկսել է բաժանել մարտի երրորդ տասնօրյակում: Պետք է սպասել, որ ապրիլին արձանագրված առեւտրի ծավալների աճը եւս կլինի աննախադեպ: Նշենք, որ նույնիսկ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ համապետական ընտրություններին նախորդած եւ հաջորդած ժամանակահատվածներում գրեթե ամեն տարի արձանագրվում է առեւտրի ծավալների աճ: Հիշեցնենք, որ ըստ որոշ գնահատականների՝ այս տարի ընտրակաշառքների ընդհանուր չափը կազմել է մոտ 30-50 միլիոն դոլար»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետի ամենահավանական թեկնածուն մնում է Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի որդին։ Խորհրդարանական ընտրություններում պարտված Ալեքսան Պետրոսյանի՝ ՄԱՊ-ի Ալիկի համար աշխատած Աշոտ Ղահրամանյանը պետք է հեռանա։ Նա մարզը ղեկավարում է 2006 թվականից ի վեր եւ պաշտոնավարում է արդեն շատ վաղուց։ Եթե հնարավոր լինի արժանի փոխարինող գտնել Էջմիածնում՝ ուրեմն, հենց Կարենն էլ կդառնա մարզպետ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունում ոմանք կարծում են, որ ՀՅԴ-ի հետ կոալիցիան պետք է լինի իր ձայներին ադեկվատ․ 1 պորտֆել՝ գործադիրում, 1` ԱԺ-ում` փոխնախագահի պորտֆելը, եւ մի քանի մարզպետ: «Պորտֆել տվողն իրենք չեն, որ մեզ բավարարեն կամ չբավարարեն. այդ հարցերը լուծում են բոլորովին այլ մարդիկ, բոլորովին այլ ձեւաչափով։ Սպասեք՝ կհամոզվեք, որ ՀՀԿ-ՀՅԴ անժամկետ հուշագիրը գործում է եւ գործում է շատ ակտիվ»,- ասաց մեր ՀՅԴ-ական զրուցակիցը: Ի դեպ, հարցականի տակ է նաեւ ՀՀԿ-ԲՀԿ-ի «կոալիցիան»` առանձին վերցրած սպորտի եւ երիտասարդության նախարարի` Հրաչյա Ռոստոմյանի մասով: Մեր տեղեկություններով` ոչ կառավարությունում են սիրահոժար Ռոստոմյանի հարցում, ոչ էլ Ծառուկյանն է առանձնապես ոգեւորված։ «Բացի ծախսից, ուրիշ ի՞նչ հարց ենք դրանով լուծում»,- նեղ միջավայրում ասել է նա»: