24.11.2024
Պուտինը հաստատել է Ղրիմից արտաքսված հայերի համար արտոնություններ սահմանող օրենքը
prev Նախորդ նորություն

Ֆիյոնը խոստանում է ապրիլի 24-ը դարձնել ազգային հիշատակի օր

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Նիկոլա Դյուպոն-Էնյանը խոստանում է ընտրվելու պարագայում ապրիլի 24-ն ընդգրկել երկրի ազգային հիշատակի օրերի ցանկում: Այդ մասին նա նշել է Nouvelles d’Armenie-ին տված հարցազրույցում:


Հարցին, կշարունակի՞ արդյոք ավանդույթը, երբ Ֆրանսիայի նախագահը յուրաքանչյուր ապրիլի 24-ին մասնակցում է Փարիզում կազմակերպվող հիշատակի արարողություններին, Էնյանը նշել է. «Յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ին Ֆրանսիայում տեղի են ունենում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ, դա Ֆրանսիայի պատիվն է` ի հիշատակ եղբայրական ժողովրդի ողբերգության: Իհարկե, ես կմասնակցեմ որպես նախագահ`հարգանքի տուրք մատուցելով Ֆրանսիայի հայ համայնքին: Դա բոլոր հայերի համար հատուկ օր է և կդառնա ազգային հիշատակի օր»:


Նրա խոսքով` այն կերպ, ինչպես Ֆրանսիան է հարգանքի տուրք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ցույց է տալիս, որ շարունակում է աջակցել իր քաղաքացիներին` աշխարհի ժողովուրդների ժխտողականության դեմ. «որպեսզի ճշմարտությունն ու պատմական իրականությունը ճանաչվի»: Հարցին` ինչպե՞ս է վերաբերվում Եվրոպական միությանը Թուրքիայի հնարավոր անդամակցությանը, Էնյանն ասել է, որ ֆրանսիացի ոչ շատ քաղաքական գործիչներից է, ով 2003 թվականից հետևողականորեն դեմ է արտահայտվել Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին: «Ես մշտապես պայքարել եմ այդ անդամակցության դեմ, ինչը չի համապատասխանում ԵՄ գաղափարին»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահի թեկնածուն:


Ֆրանսիայի նախագահի ընտրություններն անցկացվելու են 2017 թվականի ապրիլի 23-ին: Եթե թեկնածուներից որևէ մեկը չստանա ձայների կեսից ավելին, ապա երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 7-ին: Ներկայումս ընտրարշավի առաջատար թեկնածուներն են Հանրապետականների կողմից առաջադրված Ֆրանսուա Ֆիյոնը, «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը, Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը, Սոցիալիստական կուսակցության թեկնածու Բենուա Ամոնը և Կոմունիստական կուսակցության ու մի շարք այլ ձախ ուժերի աջակցությունը վայելող Ժան-Լյուկ Մելանշոնը: