Իրանագետ. Իրան-ԵԱՏՄ համաձայնագրի ստորագրման ձգձգումը չի ազդի կառավարության ծրագրի վրա

Հայկական մամուլում այսօր մի վերլուծություն էր տեղ գտել, որում չէր բացառվում, թե կառավարությունը «ձեռք կքաշի» Հայաստան-Իրան սահմանին ազատ տնտեսական գոտու գաղափարից: Նման հեռանկարի համար պատճառները բերված հետևյալն էին՝ տնտեսական նպատակահարմարության բացակայություն, ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրում, ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման գործընթացի ձգձգում:

VERELQ-ի հետ զրույցում իրանագետ Վարդան Ոսկանյանը նշեց, որ նման հեռանկարի չի հավատում և մտահոգվելու հիմքեր չի տեսնում:

-Պարոն Ոսկանյան, որքանո՞վ կախվածություն ունի Հայաստանի կառավարությունը Իրանի և ԵԱՏՄ-ի միջև կնքվելիք համաձայնագրից և կարո՞ղ է դրա ձգձգումը խոչընդոտել Սյունիքում ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագրին:

-Իրանի կողմից Եվրասիական տնտեսական միության հետ Ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման հետաձգումը չպետք է ազդի հայ-իրանական երկկողմ հարաբերությունների վրա: Խոսքը, հատկապես, վերաբերում է Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզում, ազատ տնտեսական գոտու ծրագրին, որը ՀՀ կառավարությունը ակտիվորեն առաջ է տանում և ենթադրվում է նման գոտու ստեղծումը արդեն այս տարվա աշնանը: Հայ-իրանական երկկողմ հարաբերությունները կարիք ունեն նման գոտու, իսկ հաշվի առնելով մեր երկրների միջև առկա քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, մենք պետք է ձգտենք այդ հարաբերությունների տնտեսական հատվածն էլ հասցնել քաղաքականին: Հետևաբար կարծում եմ տեղին չէ մտահոգությունը, որ Ազատ տնտեսական գոտու ստեղծումը Հայաստանի տարածքում պետք է անմիջականորեն կապված լինի Եվրասիական տնտեսական միության հետ Իրանի ազատ առևտրի համաձայնագրի համատեքստին: Ի վերջո, չմոռանանք, որ նման գոտու ստեղծումը նպատակ է հետապնդում ոչ միայն այն դարձնել հարթակ դեպի եվրասիական շուկա Իրանի մուտքի համար, այլ նաև դարձնել հարթակ Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական համագործակցության խորացման համար:

Կա մի կարևոր հանգամանք ևս. անկախ համաձայնագրի ստորագրումից, եթե իրանական ներդրողները հաստատվեն Հայաստանի տարածքում ստեղծվող ազատ գոտում և հիմնեն արտադրություններ, ապա այդ արտադրանքը միևնույն է եվրասիական շուկաներում վաճառվելու է արտոնյալ պայմաններով, որովհետև այն դիտվելու է որպես ՀՀ-ում արտադրված ապրանք: Հետևաբար, կարծում եմ, տնտեսական գոտու ստեղծման ծրագիրը չի կորցրել իր արդիականությունը, առավել ևս, որ իրանական կողմից էլ գործում է Արաքսի ազատ տնտեսական գոտին և փաստացի Արաքսի երկու ափերում նման տնտեսական գոտիների առկայությունը լուրւ խթան կարող է հանդիսանալ թե՛ երկկողմ հարաբերությունների զարգացման առումով, թե՛ Իրանի մուտքը եվրասիական շուկաներ ապահովելու նպատակով: Այսինքն՝ պետք չէ կապել երկու գործընթացները միմյանց հետ:

-Պատճառներից մեկը բերվում է նաև ԱՄՆ-Իրանի հարաբերությունների սրումը: Դուք նման նախադրյալներ տեսնո՞ւմ եք, որ այդ լարվածության ֆոնին կարող է որոշակիորեն խոչընդոտվել նախագծի կյանք կոչումը:

-Անշուշտ, ԱՄՆ-Իրան հարաբերությունների լարումը բարձրացնում է ռիսկայնության տոկոսը Հայաստանի հետ հարաբերություններում և որոշակի ազդեցություն թողնում: Մենք գիտենք, որ տնտեսական պատժամիջոցների այդ խիստ ռեժիմի պայմաններում շատ դեպքերում նաև երկկողմ գործակցությունը բացառվում է: Բայց կա մի կարևոր հանգամանք. Հայաստանը գտնվում է ադրբեջանա-թուրքական շրջափակման մեջ և այս համատեքստում բոլոր արտատարածաշրջանային խաղացողները, խոսքը հատկապես վերաբերում է Արևմուտքի երկրներին, երբ փորձում են սահմանափակել Իրանի հետ մեր երկրի հարաբերությունները, պետք է նկատի ունենան այն, որ Հայաստանը փաստացի ելքեր ունի միայն դեպի Իրան և Վրաստան: Հետևաբար այս ուղղությունները մեզ համար կենսական նշանակություն ունեն, ուստի պետք է հաշվի առնեն հայկական շահերը: Այլ խոսքով՝ այն, ինչ չի կարելի աշխարհի շատ երկրներին, պետք է թույլատրվի Հայաստանին, և անցյալ շրջափուլերում, հենց թեկուզ պատժամիջոցների տարիներին, շատ դեպքերում Հայաստանը կարողացել է իր գործակցությունը Իրանի հետ պահպանել նորմալ մակարդակի վրա՝ որոշակի սահմանափակումներով:

-Սովորաբար երբ երկրում սպասվում է քաղաքական այնպիսի միջոցառում, ինչպիսին է նախագահի ընտրությունը, բոլոր գործընթացները հիմնականում սառեցվում են: Ճիշտ է, փորձագետները գրեթե բացառում են, որ Հասան Ռոհանին չի վերընտրվի, բայց, այդուհանդերձ, հնարավո՞ր է, որ նաև այս գործընթացն է հետաձգում ԵԱՏՄ-Իրան Ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը, որն էլ Հայաստանում ոմանց մոտ մտավախություն է առաջ քաշել մեր նախագծերի տապալման առումով:

-Ընդհանուր առմամբ Իրանի նախագահական ընտրություններն էլ կարող էին գործոն հանդիսանալ այդ համաձայնագրի ստորագրման առկախմանը: Բնական է, որ երկրի ներսում ընթացող ներքաղաքական գործընթացների պայմաններում Իրանը կարող է որոշակի time-out վերցնել: Բայց պետք է մի կարևոր հանգամանք նկատի առնել. անկախ նրանից, թե ով կընտրվի Իրանի նախագահ, Հայաստան-Իրան հարաբերությունները թե՛ մեզ համար, թե՛ Իրանի համար ունեն կենսական նշանակություն և նույնիսկ նախագահի փոփոխության պարագայում այդ հարաբերությունները զգալի փոփոխություններ չեն կրի և չեն կարող ընթանալ բացասական կորագծով, որովհետև մեր երկու երկրները շատ հարցերում փոխլրացնում են միմյանց:


Նշենք, որ մարտի 30-ին Կառավարության հերթական նիստում գործադիրն ընդունեց «ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքային, Կարճևան գյուղական համայնքների և Արաքս գետով պարփակված տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «Սյունիք ազատ տնտեսական գոտի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից ներակայացվող հաշվետվության ձևերը հաստատելու մասին» որոշում:


Ըստ հիմնավորման՝ ՀՀ Սյունիքի մարզի տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծումը նպատակ ունի նպաստել ՀՀ տարածքային համաչափ զարգացմանը, ազգային տնտեսության գլոբալ մրցունակության բարձրացմանը, մրցունակ արտադրանքի թողարկմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը, արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծմանը, արտահանման ծավալների ավելացմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաև ՀՀ արտաքին տնտեսական քաղաքականության ձեռքբերումների առավել արդյունավետ օգտագործմանը՝ ի օգուտ երկրի կայուն տնտեսական զարգացման ապահովման:


Զրուցեց Լիա Խոջոյանը

Տպել

Загрузка...