24.11.2024
Հակառակորդն ակտիվացել է. Ադրբեջանական զինուժը կիրառել է նաև դիպուկահար հրացաններ
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. ԱԱԾ-ն բացահայտել է ապօրինի միգրացիայով զբաղվող պաշտոնյաների բանդա

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, վարչապետ Կարեն Կարապետյանը նորից է փորձում միջամտել Դաշնակցության հետ Հանրապետական կուսակցության կոալիցիա կազմելու գործընթացին: Վարչապետի համար ՀՅԴ-ի նախարարներն այդպես էլ ընդունելի չեն դառնում: Բայց քանի որ կոալիցիայի ձեւավորմանը խոչընդոտելը վեր է նրա ուժերից, այն պարզ պատճառով, որ դա որոշվում է Սերժ Սարգսյանի մակարդակով, Կարապետյանն այս անգամ էլ փորձում է գոնե նախարարների թեկնածությունների վրա ազդեցություն ունենալ: Ահա թե ինչու է ձգձգվում այդ հարցի շուրջ վերջնական որոշման կայացումը: Մեզ հայտնի դարձավ, որ Կարապետյանը կենտրոնացել է հատկապես բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի վրա ու չի ցանկանում, որ նոր կառավարությունում նա վերանշանակվի այդ պաշտոնին: Դրան զուգահեռ ՀՅԴ-ն նույնպես չի ցանկանում Մինասյանին ուղարկել կառավարություն, քանի որ նրա գնալով՝ խմբակցությունը բավականին թուլացել-ծուլացել է: ՀՅԴ-ին աշխատող՝ օրինագծեր մշակող, օրենսդրական քննարկումներին մասնակցող, հարկ եղած դեպքում կառավարությանը քննադատող պատգամավոր է պետք, ինչը տարիներ շարունակ գրեթե միայնակ արել է Արծվիկ Մինասյանը»։


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում դեռեւս որոշում չեն կայացրել, թե ո՞վ է լինելու նոր խորհրդարանի խոսնակը: Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահի, ինչպես նաեւ՝ ԱԺ փոխնախագահների, խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների հարցն այս օրերին Սերժ Սարգսյանի ու վարչապետ Կարեն Կարապետյանի քննարկումների թեման է: Նրանցից յուրաքանչյուրը իր համար ցանկալի թեկնածուների է առաջարկում, ու դեռեւս վերջնական համաձայնության չեն եկել այս հարցում: Մեկը պնդում է, որ ԱԺ լավագույն նախագահը կլինի ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, մյուսն ասում է, թե Էդուարդ Շարմազանովը երիտասարդ է, լավ կլինի՝ նա լինի: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դեռեւս վերջնական որոշում չկա նոր կառավարության կազմի վերաբերյալ: Ըստ մեր տեղեկությունների՝ Կարեն Կարապետյանը ցանկանում է որոշակի փոփոխություններ կատարել նաեւ նախարարների իր թիմում, եւ այս առումով որոշակի անակնկալներ են սպասվում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ ապրիլի 1-ին ինչ-որ մեկը չար կատակ էր արել ՕՐՕ դաշինքում, թե Սամվել Բաբայանին ազատ են արձակել, եւ գրասենյակում ծաղիկներով սպասել էին Կամանդույուշչիին, բավականին ուշ գլխի ընկնելով, որ դա սեւ հումոր է, այնուամենայնիվ, կարծում են, որ նրան շուտով բաց կթողնեն։ Գործի քննությանը մոտ կանգնած պաշտոնյաներից մեկը նույնպես ենթադրեց, որ բաց կթողնեն, քանի որ «Բաբայանն իրեն ճիշտ է պահել»․ երբ Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ նրա ձերբակալության հիմքում քաղաքական պատճառներ են, փաստաբանը հայտարարեց․«Սամվել Բաբայանն իրեն քաղբանտարկյալ չի համարում»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Անցյալ շաբաթ տեղեկացրել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԱԺ ընտրություններից հետո բոլորի համար անակնկալ ակտիվություն է ցուցաբերում։ Մեր տեղեկություններով՝ Քոչարյանը, որը մշտապես լավ հարաբերություններ է պահպանել այժմ «Ծառուկյան» դաշինքով խորհրդարանի փոխխոսնակ դառնալ պատրաստվող Իշխան Զաքարյանի հետ, օրերս նրա հետ հանդիպել եւ քննարկել է ներքաղաքական գործընթացները։ Հանդիպման մասին իմացել է Գագիկ Ծառուկյանը, թե ոչ՝ տեղեկություն չունենք, բայց հայտնի է, որ հանդիպման հիմնական առարկան եղել է Ծառուկյանի քաղաքական տրամադրությունները ստուգելը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ մի խումբ անձինք, այդ թվում՝ պաշտոնյաներ, միայն 2016թ. ընթացքում մոտ 200 ՀՀ քաղաքացիների համար կեղծ փաստաթղթերի օգնությամբ Շենգենյան համաձայնության երկրների դեսպանություններից ձեռք են բերել մուտքի արտոնագրեր եւ 2.000-3.500 եվրո գումարի դիմաց կազմակերպել են նրանց ապօրինի միգրացիան: Այն ժամանակ չհրապարակվեց այդ պաշտոնյաների անունները: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ անօրիական միգրացիա կազմակերպելու համար մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանապահ զորքերի ՍՎԱՋ «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի պետին, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ անվտանգության հերթափոխի պետին, ինչպես նաեւ մի շարք տուրիստական ընկերությունների տնօրեններին՝ ընդհանուր 8 անձ, որոնցից 4-ը ազատ են արձակվել գրավի դիմաց, իսկ մյուս 4-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ Հանրապետականը փորձում է «աղբը տնից չհանել», սակայն ՀՀԿ խոհանոցից լուրեր են հասնում, որ ներքին «ռազբորկաները» չեն դադարում։ Բանն այն է, որ կուսակցությանը հետաքրքրում է իր ստացած ձայների հանրագումարը, եւ կարեւոր չէ, թե այդ ձայներն ով է բերել՝ Վահրամ Բաղդասարյա՞նը, թե՞ Դերժավի Արկադը, սակայն իրենք՝ ռեյտինգային թեկնածուները, այդպես չեն կարծում։ Գրեթե բոլոր մարզերի վարկանիշային թեկնածուների հարաբերությունները լարված են՝ նրանցից շատերը համոզված են, որ իրենց ձայները կուսակիցները գողացել են։ Այնտեղ, որտեղ ռեյտինգային մի թեկնածուն վերահսկողներ չի ունեցել, նրա քվեաթերթիկները դրվել են մյուս թեկնածուի օգտին, ով կարողացել է լեզու գտնել հանձնաժողովականների հետ։ Ըստ այդմ, դժգոհներ կան եւ Լոռվա մարզի, եւ Շիրակի, եւ Արագածոտնի, եւ հատկապես Երեւանի թեկնածուների թվում։ Ըստ ՀՀԿ-ականներից ստացած տեղեկությունների, «գողացել» են անգամ Երեւանում առաջադրված հարկայինի աշխատողների, ԴԱՀԿ նախկին աշխատակից Տավրոս Գեւորգյանի, Կոտայքում՝ Վարդան Այվազյանի եւ ուրիշների ձայները»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արարատի մարզում անգամ ընտրություններից հետո կրքերը չեն հանդարտվում: Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը եւ իր եղբյարը՝ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավոր ընտրված Արայիկ Գրիգորյանը, սկսել են վրեժխնդիր լինել ու պատժել իրենց համար չաշխատած, ձայն չապահոված պաշտոնյաներին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մարզպետի որոշմամբ օրերս աշխատանքից ազատվել է Մխչյան գյուղի դպրոցի տնօրեն Աննա Ավագյանը: Ինչպես հայտնի է՝ Մխչյանը տարեսկզբին ՀՀԿ-ին անդամակցությունը դադարեցրած ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայրենի գյուղն է, եւ, բնականաբար, այնտեղ ԱԺ ընտրություններում աշխատել են հօգուտ Աբրահամյանի որդու՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի, որը «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից էր»:


«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ վերջին օրերին լարված են ՀՀԿ հինգերորդ գումարման կին պատգամավորներ Կարինե Աճեմյանի, Ռուզաննա Մուրադյանի եւ Մարգարիտ Եսայանի հարաբերությունները: «ՉԻ»՝ ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ նրանց միջեւ լուրջ մրցապայքար է ընթանում ԱԺ Կրթության հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար: Հիշեցնենք, որ նախորդ գումարման խորհրդարանում վերոնշյալ պաշտոնը զբաղեցնող Արտակ Դավթյանը այսուհետ կատարելու է ՊՆ փոխնախարարի պարտականությունները: Մինչ այդ ՀՀԿ տիկնայք հինգ տարի անընդմեջ պայքարել են արտասահմանյան գործուղումների մեկնելու համար»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում բոլորն անցել են «ջրի հատակը», որեւէ մեկը որեւէ հարցի չի պատասխանում, մանավանդ՝ Նապոլեոն Ազիզյանի հետ կապված սկանդալից հետո: Ի դեպ, Ազիզյանի ԱԺ չգնալու պատճառներից է ոչ միայն նրա տարիքը, այլեւ այն, որ պարտավորությունները չի կատարել՝ ծախսել է Ծառուկյանի տրամադրած գումարները, սակայն չի բերել այնքան ձայն, որքան խոստացել էր: Վերջինիս հետ լուրջ զրույց է տեղի ունեցել ինքնաբացարկի դիմումից հրաժարվելու «առնչությամբ», ասվել է, որ «խաղի կանոններ» է խախտել: Ըստ այդմ, պառլամենտ կմտնի Վահե Էնֆիաջյանը: Ի դեպ, որոշված է նաեւ Արարատ Զուրաբյանի հարցը՝ նա եւս չի լինի ԱԺ-ում: Նշենք, որ այս օրերին ԲՀԿ-ականները խուսափում են շփվել ոչ միայն լրագրողների, այլեւ միմյանց հետ՝ բոլորը տագնապի մեջ են ու սպասողական»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչեւ անցյալ շաբաթ իշխանությունները պատրաստ են եղել Արտաշատի համար կռիվ չտալ՝ հաշվի առնելով այդ քաղաքում ՀՀԿ նախկին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի ունեցած ազդեցությունն ու կշիռը։ Սակայն վերջին օրերին նրա քաղաքական ակտիվությունը կարծես թե փոխել է իշխանության տրամադրությունը, եւ Արարատի մարզում երկրի մասշտաբով ամենաշատ ձայներն ապահոված Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկ) հետ քննարկվում է Արտաշատում ՀՀԿ-ի համար հաղթող թեկնածու առաջադրելու հնարավորությունը։ Հարցը դեռեւս առկախված է եւ կախված բացառապես Սերժ Սարգսյանի վերջնական որոշումից ու կամքից։ Հարցին կարող է էապես միջամտել եւ կրքերը հանդարտեցնել միայն Գագիկ Ծառուկյանը՝ Սերժ Սարգսյանին հավելյալ երաշխիքներ տալով, որ Հովիկ Աբրահամյանն առնվազն տեսանելի ապագայում քաղաքական դերակատարության եւ գործունեության հավակնություն չի ունենալու»: