12.03.2026
Լուսանկարը` sputnik
prev Նախորդ նորություն

Համայնքների խոշորացման նոր փուլ. 70-ի փոխարեն Հայաստանը կունենա 64 համայնք

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

ՀՀ կառավարությունը շարունակում է վարչատարածքային բարեփոխումները. գործադիրի նոր որոշմամբ երեք մարզում միավորվում է ինը համայնք, ինչի արդյունքում հանրապետությունում տեղական ինքնակառավարման միավորների ընդհանուր թիվը կկրճատվի՝ հասնելով 64-ի։


Մարտի 12-ի նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է նոր նախագիծ, որով նախատեսվում է ձևավորել երեք խոշորացված վարչական միավոր: Մասնավորապես, Լոռու մարզում կստեղծվի Ստեփանավան համայնքը՝ իր մեջ ներառելով Ստեփանավանը, Գյուլագարակն ու Լոռի Բերդը (ընդհանուր՝ 20 բնակավայր)։


Սյունիքում կձևավորվի խոշորացված Գորիս համայնքը՝ միավորելով Գորիսը, Տաթևն ու Տեղը (ընդհանուր՝ 28 բնակավայր), իսկ Վայոց ձորում Եղեգնաձորի, Արենիի և Եղեգիսի միավորման արդյունքում հանդես կգա նոր՝ Եղեգնաձոր համայնքը (ընդհանուր՝ 32 բնակավայր)։ Արձագանքելով այս որոշմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ խոշորացման գործընթացը տալիս է բացառապես դրական արդյունքներ՝ էականորեն և անգամներով մեծացնելով տեղական մարմինների սուբվենցիոն հնարավորություններն ու բարելավելով բնակավայրերի սոցիալ-տնտեսական վիճակը։


Կառավարության ղեկավարը նաև կարևորել է համայնքային իշխանությունների աշխատանքի արդյունավետության բարձրացման նոր մեխանիզմների մշակումն ու գործընթացի վերաբերյալ բնակչության հետ ակտիվ և պարզ հաղորդակցությունը։