Փաշինյանը վստահ է՝ Բաքվի հետ խաղաղության պայմանագիրը կկնքվի
Լուսանկարը` sputnik
Հայաստանի կառավարության ղեկավարը վստահեցնում է, որ երկրի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն անշրջելի փուլում է, և վերջնական փաստաթղթի ստորագրումը միայն ժամանակի հարց է։
Մարտի 12-ին կայացած կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կասկած չունի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցում։ Նրա խոսքով՝ թեև ստորագրման հստակ ժամկետները երկրորդական են, սակայն փաստաթուղթն անպայման կյանքի կկոչվի։
Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ կողմերի դիրքորոշումների համընկնումն այժմ առավել ակնհայտ է, և նախաստորագրված համաձայնագրի պայմաններում արդեն իսկ կարելի է խոսել տարածաշրջանում հաստատված խաղաղության մասին։ Այժմ, նրա խոսքով, գլխավոր նպատակն այդ կայունությունն ամրապնդելն է։
Գործադիրի ղեկավարը միևնույն ժամանակ զգուշացրեց հնարավոր ներքաղաքական խոչընդոտների մասին՝ նշելով, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ, հավանաբար, Ադրբեջանում կան ուժեր, որոնք դեմ են այս գործընթացին և կարող են փորձել ետ շրջել այն։ Այս համատեքստում նա հորդորեց քաղաքացիներին տեր կանգնել ձեռք բերված արդյունքներին և դարձնել խաղաղությունն անշրջելի։
Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում։