24.11.2024
Փորձագետ. ՀՀ–ում սկսվում է «ժառանգորդ» օպերացիան
prev Նախորդ նորություն

Նախագահ. Հայկական ապրանքների արտահանումը եվրասիական շուկա աճել է 65%-ով

Մեր ընդհանուր տնտեսական տարածքի ձևավորումն ու զարգացումն արդեն երկրորդ տարին է, ինչ տեղի է ունենում համաշխարհային բարդ տնտեսական իրավիճակի պայմաններում՝ արտահայտված համաշխարհային տնտեսական աճի տեմպերի նվազման և աշխարհաքաղաքական ցնցումների պայմաններում: Այդ ամենը մի կողմից ստեղծում է որոշակի խոչընդոտներ մեր Միության լիարժեք կայացման ճանապարհին՝ մյուս կողմից բացում նոր հնարավորություններ մեր երկրների առավել սերտ համագործակցության համար: Այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:


Նրա խոսքով, այս պայմաններում անդամ-երկրների կողմից ձեռնարկված համաձայնեցված գործողությունները թույլ տվեցին անդամ պետություններում որոշակի առումով կայունացնել իրավիճակը, տնտեսության որոշ ոլորտների և ճյուղերի աջակցության շնորհիվ հասնել մակրոտնտեսական կայունության, ինչի շնորհիվ որոշ երկրներում նկատվեց արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրության աճի միտում:


«Մասնավորապես, 2016 թվականին Հայաստանում արձանագրվել է համախառն ներքին արդյունքի ծավալում դրական դինամիկա, տնտեսական ակտիվության աշխուժացում արտադրական, գյուղատնտեսական և ծառայությունների մատուցման ոլորտներում: ԵԱՏՄ պետությունների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն աճել է ավելի քան 15%-ով, իսկ հայկական ապրանքների արտահանումը եվրասիական շուկա՝ 65%-ով: Արձանագրվել է ապրանքաշրջանառության աճ նաև երրորդ երկրների հետ»,- հայտարարել է երկրի ղեկավարը:

Սերժ Սարգսյանի խոսքով, ԵԱՏՄ երկրներն ունեն զարգացման միանման նպատակներ, որոնց իրականացումը տեսանելի է արդյունաբերական նորարարությունների, բարձր տեխնոլոգիական գյուղատնտեսության, թվային տնտեսության, վերականգնվող էներգետիկայի միջոցով: Կարևոր են նաև համատեղ ջանքերը՝ ուղղված փոխշահավետ համագործակցային ծրագրերի իրագործմանը:


«Մենք ունենք երկու կարևոր նպատակ. առաջինը՝ Միության ամրապնդումը ներսից, խոչընդոտների վերացման ճանապարհով մեր ընդհանուր տնտեսական տարածքի հետագա ազատականացումը, ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար բացառությունների և սահմանափակումների նվազեցումը, երկրորդը՝ ԵԱՏՄ-ի միջազգային ներգրավվածության բարձրացումը: Այս երկու նպատակները փոխլրացնում են միմյանց և ազդում կազմակերպության արդյունավետության ու միջազգային հեղինակության վրա: Մեր ինտեգրացիոն միության միջազգային դիրքերի հետագա ամրապնդման տեսանկյունից կարևոր նշանակություն ենք տալիս ԵԱՏՄ համագործակցության առաջխաղացմանը՝ իրական համագործակցության պատրաստ երրորդ երկրների և առանցքային ինտեգրացիոն միավորումների հետ: 2016 թվականի ընթացքում կառուցողական ոգով մշակվում էին Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, Եգիպտոսի և մի շարք այլ երկրների հետ համագործակցության հարցերը: Հայաստանը հետաքրքրված է այս ուղղություններով ձեռքբերված համապատասխան պայմանավորվածությունների իրավական ամրագրմամբ, մասնավորապես, Իրանի Իսլամա-կան Հանրապետության հետ, որի հետ մեզ կապում են պրագմատիկ, փոխշահավետ և բարիդրացիական հարաբերություններ»,- թվարկել է նա: 


Այդ տեսանկյունից Սերժ Սարգսյանը նշել է, որ դրական է գնահատվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրոպական հանձնաժողովի միջև փոխգործակցության գործընթացը՝ որպես երկու միավորումների միջև երկխոսությանը նպաստող կարևոր գործոն, փորձի փոխանակման և ինտեգրման ու համագործակցության գործընթացների ներդաշնակ, փոխլրացնող և փոխշահավետ զարգացման ապահովման ճանապարհների քննարկման նպատակով:


Հայաստանի նախագահը նշել է, որ ԵԱՏՄ-ի արդյունավետությունը զգալիորեն կախված է նաև անդամ երկրների պետական մարմինների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և գործարար շրջանակների միջև սահուն և համակարգված աշխատանքից:


«Այդ կապակցությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովից ակնկալում ենք Միության առջև ծառացած արդիական խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկություններ՝ իր լիազորությունների շրջանակներում: Կարևոր քայլ ենք համարում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից Միության երկրների պետական մարմինների հետ համագործակցությամբ, այսպես կոչված, «Սպիտակ գրքի» մշակումն ու հրատարակումը, որտեղ համաձայնեցված կերպով ներկայացված են Միության շուկայի համար առկա 60 խոչընդոտներ: Հուսով եմ, շուտով կհաստատվի նաև դրանց վերացման ճանապարհային քարտեզը՝ համապատասխան ժամկետներով»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Հայաստանն առաջիկայում ևս կիրականացնի համաշխարհային տնտեսության բացասական երևույթների հետևանքների հաղթահարման, կայուն տնտեսական աճի անցման նախանշված ծրագրերը՝ այդ թվում նաև Միության ինտեգրացիոն ներուժի օգտագործման միջոցով:


Նշենք, որ Կանոնակարգի համաձայն խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերը վարել է Կազմակերպությունում նախագահող երկրի` Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևը: Օրակարգի մեկ տասնյակ հարցերի շարքում ԵԱՏՄ անդամ պետությունների նախագահներին ներկայացվել է 2015-2016 թվականներին Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրականացման վերաբերյալ զեկույցը, քննարկվել են 2017-2018 թվականներին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշների, Բարձրագույն խորհրդին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների թեկնածուների ներկայացման, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ փաստաթղթերը:


Անդրադարձ է եղել նաև մի կողմից՝ Եվրասիական տնտեսական միության ու միության անդամ պետությունների, մյուս կողմից՝ Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված՝ մշակման փուլում գտնվող ժամանակավոր համաձայնագրի նախագծին:


Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը կանցկացվի հոկտեմբերի 11-ին Մոսկվայում: