Քննարկվել են «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում առաջարկվող լրացումները
«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարող է կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց պարգեւատրել շնորհակալագրով, հուշանվերով, դրամական պարգեւատրմամբ: Միեւնույն ժամանակ, օրենքով նախատեսված է Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին մեդալով եւ կրծքանշանով պարգեւատրելու կառուցակարգ: Նման կարգ սահմանված չէ կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց համար: Այս մասին մարտի 3-ի ԱԺ նիստում ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը եւ հավելել, որ անհրաժեշտություն է առաջացել կոմիտեի նախագահին ընձեռել նաեւ նման հնարավորություն:
Զեկուցողի խոսքով նման մոտեցում կիրառվում է նաեւ Քննչական կոմիտեում:
Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է սահմանել համապատասխան լիազորող նորմ, որը հնարավորություն կտա կոմիտեի նախագահին՝ սահմանելու կոմիտեի ծառայողներին հատուկ միջոցներ հատկացնելու, պահելու, կրելու եւ հանձնելու կարգը:
Հարակից զեկույցում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել նախագծին:
Կառավարության հեղինակած ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ: