Էրդողանը բացառել է ձերբակալված լրագրող Դենիզ Յուջելին Գերմանիային արտահանձնումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացառել է ահաբեկչությունը սատարելու մեղադրանքով Ստամբուլում ձերբակալված գերմանական Die Welt-ի թղթակից Դենիզ Յուջելին Գերմանիային արձահանձնումը: Այս մասին Էրդողանը հայտարարել է թուրքական TGRT հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ըստ նրա՝ Բեռլինը հրաժարվում է Անկարայի պահանջով արտահանձնել Թուրքիայի քաղաքացիներին, այդ պատճառով լրագրողին նույնպես Գերմանիային չեն փոխանցի: Բացի այդ, Էրդողանը նշել է, որ քանի դեռ ինքն իշխանության գլուխ է, Յուջելին ազատ չեն արձակի:
Էրդողանն ընդգծել է, որ իշխանություններն ապացույցներ ունեն, որ գերմանացին լրագրողն «իսկական լրտես» եւ «ահաբեկիչ» է՝ կապված Քրդական աշխատավորական կուսակցության հետ:
Դենիզ Յուջելը ձերբակալվել է փետրվարի 14-ին Ստամբուլում: Փետրվարի 27-ին դատարանը նրա կալանքի որոշում է կայացրել: Թուրքական իշխանությունները նրան մեղադրում են ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու, քարոզչություն տարածելու, տեղեկատվության օգտագործումը չարաշահելու մեջ: