Հայաստանում 76 հազարից ավելի քաղաքացի ստացել է 6,2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ
Լուսանկարը` armenpress.am
Եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումը հնարավորություն է տվել հազարավոր քաղաքացիների հետ ստանալ սոցիալական ծախսերի համար նախատեսված փոխհատուցումները:
Հայաստանի կառավարության փետրվարի 12-ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց եկամուտների հայտարարագրման գործընթացի արդյունքները, ըստ որոնց՝ անցած տարի 76 537 քաղաքացի օգտվել է սոցիալական կրեդիտի հնարավորությունից։
Պետական բյուջեից վերադարձված ընդհանուր գումարը կազմել է 6,2 միլիարդ դրամ, իսկ մեկ հայտարարատուին բաժին ընկնող միջին չափը հասել է 81 հազար դրամի։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս գործիքը կարևոր է սոցիալական քաղաքականությունը փուլ առ փուլ ավելի հասցեական և թափանցիկ դարձնելու տեսանկյունից։
Վարչապետը շեշտեց, որ ստացված տվյալների վերլուծությունը թույլ կտա պետությանը հետագայում առավել արդյունավետ կառավարել ռեսուրսները։ Չի բացառվում, որ ապագայում բարձր եկամուտներ ունեցող անձանց համար նախատեսված սոցիալական կրեդիտները վերաուղղվեն այն քաղաքացիներին, ովքեր ունեն դրա առավելագույն կարիքը։