Հայաստանի դեսպանությունը Ժնևից տեղափոխվում է Բեռն. կառավարության որոշումը
Լուսանկարը` depositphotos.com
Հայաստանը վերանայում է Շվեյցարիայում իր դիվանագիտական ներկայացվածության ձևաչափը՝ երկկողմ հարաբերություններն առավել արդյունավետ դարձնելու նպատակով դեսպանությունը տեղափոխելով մայրաքաղաք Բեռն։
Փետրվարի 12-ին կայացած նիստում ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանության տեղակայման վայրը փոփոխելու նախագծին։ Այս որոշմամբ նախատեսվում է տարանջատել երկկողմ և բազմակողմ դիվանագիտական հարթակները, որոնք 2002 թվականից ի վեր գործել են համատեղված տարբերակով Ժնևում։
Ըստ նոր մոտեցման՝ ՄԱԿ-ի գրասենյակում և միջազգային այլ կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կշարունակի իր գործունեությունը Ժնևում, իսկ դեսպանությունը կտեղակայվի Բեռնում՝ միջպետական կապերն առավել սերտացնելու համար։
Արտաքին գործերի նախարարությունը պարզաբանում է, որ այս քայլը թույլ կտա ավելի սերտ համագործակցել Բեռնում գտնվող շուրջ 100 օտարերկրյա դեսպանությունների, այդ թվում՝ տարածաշրջանի երկրների ներկայացուցչությունների հետ։ Ծրագրի իրականացման նպատակով 2026 թվականի պետական բյուջեից կհատկացվի շուրջ 407,5 հազար շվեյցարական ֆրանկ, որը կուղղվի ինչպես մեկնարկային գույքային ապահովմանը, այնպես էլ ընթացիկ ծախսերին։
Հետագա տարիներին Բեռնում դեսպանության պահպանման ծախսերը կկազմեն տարեկան մոտ 344,8 հազար շվեյցարական ֆրանկ, ինչը դիտարկվում է որպես ներդրում երկկողմ դիվանագիտական օրակարգի արդյունավետության բարձրացման գործում։