«Հաղթանակ»-ի անդամների նկատմամբ կիրառվել է տնային կալանք, գրավ և բացակայալելու արգելք
Նախօրեին Վաղարշապատից ձերբակալված 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, գրավը և բացակայալելու արգելքը: Այս մասին հայտնեցին ՔԿ–ից։
Հիշեցնենք, որ խոսքը «Հաղթանակ» դաշինքի անդամների ու աջակիցների մասին է։
Նախօրեին «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը հայտնել էր, որ վաղ առավոտից բռնաճնշումներ են սկսվել Վաղարշապատի ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ: «Մինչ այս պահը արդեն 10-ից ավելի ձերբակալված կա. նրանց թվում ավագանու անդամներ են և մեր դաշինքի աջակիցներ»։
Ավելի ուշ հաղորդագրություն տարածեց ՔԿ–ն, որտեղ նշված էր առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրությունների ընթացքում «Հաղթանակ» դաշինքի ավագանու ցուցակում ընդգրկված Ս.Դ.-ն, Ն.Օ.-ն և նույն դաշինքի աջակիցներ Ա.Ա.-ն և Մ.Մ.-ն նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող մի շարք անձանց ուղղորդել են քվեարկել դաշինքի օգտին` այդ կերպ խոչընդոտելով անձնական ընտրական իրավունքի ազատ իրականացմանը:
Նախաքննության ընթացքում 7 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը):