Մարտի 21-ին Հայաստանը և Եվրոպական միությունը նախաստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը կարտացոլի մեր հարաբերությունների խորությունն ու էությունը և կսահմանի ընդլայնված գործընկերության նոր ուղենիշներ: Այս մասին Վարշավայում ընթացող ԵՄ Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ընդլայնված հանդիպմանը հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նրա խոսքով, ենթակառուցվածքների փոխկապակցվածությունը պատշաճ տեղ է զբաղեցնում ինչպես Շրջանակային համաձայնագրում, այնպես էլ Հայաստանի և Եվրոպական միութան միջև 2017-2020 թվականների համար գործընկերության առաջնայնություններում` ընդգծելով դրա կարևորությունը ոչ միայն երկկողմ հարաբերությունների համար, այլ նաև տարածաշրջանային համագործակցության համատեքստում:
«Եվրոպական միության և այլ գործընկերների հետ միասին մենք ներգրավված ենք ենթակառուցվածքների փոխկապակցվածության տարաբնույթ ծրագրերում: Ողջունում ենք Տրանս-Եվրոպական տրանսպորտային ցանցը արևելյան գործընկերների համար ընդլայնելու որոշումը: Նախորդ տարի հայկական և վրացական կարևորագույն մայրուղիները որպես առանցքային կապուղիներ ներառվեցին այդ համապարփակ ցանցի քարտեզներում: Մեկ այլ լավ օրինակ է Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի կնքման շուրջ մեկ ամիս առաջ մեկնարկած Հայաստան-ԵՄ բանակցությունները»,- թվարկել է նա: Նալբանդյանը նաև հիշեցրել է, որ Եվրոպական միությունը՝ Եվրոպական ներդրումային բանկի միջոցով, իր նպաստն է բերում Հայաստանի ռազմավարական ծրագրերից մեկի` Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանը, որը մեր երկրի ողջ երկայնքով անցնող 556 կիլոմետրանոց ժամանակակից մայրուղի է լինելու:
Ըստ ՀՀ ԱԳՆ-ի, ենթակառուցվածքների փոխկապակցվածությունը չի սահմանափակվում միայն տրանսպորտային հաղորդակցությամբ: Եվրոպական միությունը Հարևանության ներդրումների ծրագրի միջոցով իր նպաստն է բերել Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցմանը:
«Շարժունակությունը և մարդկանց միջև շփումները անհրաժեշտ են մեր հասարակությունների միջև կապերի ընդլայնման համար: Սա Արևելյան գործընկերության հիմքում դրված առանցքային սկզբունքներից մեկն է։ Այս հանձնառությունը կյանքի կոչելու և մեր հասարակություններն իրար առավել մոտեցնելու ուղիներից մեկը մուտքի արտոնագրի ազատականացումն է: Հայաստանը և ԵՄ-ն նախորդ երեք տարիների ընթացքում հաջողությամբ իրականացրել են մուտքի արտոնագրի դյուրացման և հետընդունման համաձայնագրերը: Հաջորդ քայլը վիզայի ազատականացման շուրջ երկխոսությունն է, ինչպես նախանշված է Ռիգայի գագաթաժողովի հռչակագրում»,- շեշտել է նա:
Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության միջև կապերը պետք է իրատեսական և կոնկրետ արդյունքների միտված երկխոսության մաս հանդիսանան։ Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր և Արևելյան գործընկերության մասնակից, պատրաստ է այս առումով իր նպաստը բերել։
«Ենթակառուցվածքային փոխկապակցվածության խթանումը և տնտեսական համագործակցության ամրապնդումը կարող են ի հայտ բերել ընդհանուր շահեր և համատեղ ծրագրեր, որոնք կհանգեցնեն փոխադարձ օգուտների։ Այս առումով դրանք պետք է նաև որպես վստահության ձևավորման արժեքավոր միջոցներ դիտարկվեն հակամարտությունների կարգավորման համաձայնեցված ձևաչափերի ջանքերի շրջանակներում»,- հայտարարել է նա։
Հայաստանի արտգործնախարարը նաև շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը՝ Հայաստանում ազատ և արդար խորհրդարանական ընտրությունների կազմակերպման ուղղությամբ տրամադրված զգալի տեխնիկական ու ֆինանսական աջակցության համար։
«Գնահատելով ապրիլի սկզբին անցկացված ընտրությունները՝ Եվրոպական միությունը հայտարարեց, որ դրանք լավ կազմակերպված էին, հիմնարար ազատությունները հիմնականում հարգվել են, իսկ արդյունքներն արտահայտում են Հայաստանի քաղաքացիների կամքը։ ԵՄ նաև պատրաստակամություն հայտնեց՝ աշխատելու ժողովրդավարական ճանապարհով ընտրված նոր խորհրդարանի և կառավարության հետ։ Իր հերթին Հայաստանը ևս հանձնառու է շարունակել սերտ համագործակցությունը Եվրոպական միության հետ»,- հավելել է իր ելույթը նախարար Նալբանդյանը: