22.01.2026
Լուսանկարը` CivilNet.am
prev Նախորդ նորություն

Նարեկ Կարապետյանը հրապարակել է 8 տարվա վաղեմության դիմում՝ ՀՀ գլխավոր զինկոմիսարին

«Այո, Սամվել Կարապետյանը նախատեսում է փոքր բիզնեսը ազատել հարկերից։ Խոսքը պետական բյուջեի ընդամենը 2,5 տոկոսի մասին է»,– հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով գործարար և բարերար Սամվել Կարապետյանի ներկայացրած հինգ տնտեսական քայլերից հետո առավել հաճախ հնչող հարցերին։


Նրա խոսքով՝ շրջհարկից ազատվել են նախատեսվում վարսավիրանոցները, ավտոլվացման կետերը, կրպակները, ինչպես նաև ծառայություններ մատուցող այլ փոքր ընկերություններ։


Կարապետյանը նշել է, որ նախաձեռնության նպատակը փոքր բիզնեսի աճն է․ խնայված միջոցների հաշվին հնարավոր կլինի ստեղծել նոր աշխատատեղեր և նվազեցնել գործազրկությունը, որը, նրա ձևակերպմամբ, աղքատության հիմնական պատճառներից մեկն է Հայաստանում։ Նա ընդգծել է, որ երկրում գործող շուրջ 70 հազար փոքր ընկերությունները միասին վճարում են բյուջեի միայն 2,5 տոկոսը, և առաջարկվող փոփոխության արդյունքում բյուջեն կարող է համալրվել միլիոնավոր դրամներով։


Նարեկ Կարապետյանը անդրադարձել է նաև իրեն ուղղված մեղադրանքներին՝ կապված բանակում չծառայելու հետ։ Նա ցուցադրել է ութ տարի առաջ ՀՀ գլխավոր զինկոմիսարին հասցեագրված իր դիմումը, որով խնդրել է իրեն զորակոչել բանակ։ Դիմումին, նրա խոսքով, տրվել է բացասական պատասխան։ Միաժամանակ նա նշել է, որ ռազմական գիտելիքներ ստացել է և այդ թեմային պատրաստվում է անդրադառնալ անվտանգային հարցերին նվիրված ծրագրի ներկայացման ընթացքում։