18.02.2026
Վահե Հովհաննիսյանը հարցաքննվել է իր հետ առնչվող քրեական վարույթի շրջանակներում
prev Նախորդ նորություն

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Մալթայի արվեստի բիենալեին

Մարտի 11-ից մայիսի 29-ը Մալթայում տեղի կունենա արվեստի 2-րդ միջազգային բիենալեն, որն անցկացվում է «Մաքուր, պարզ, կտրված» (CLEAN/CLEAR/CUT) խորագրի ներքո: Հայաստանի ազգային տաղավարը կներկայանա նկարիչ և քանդակագործ Ռաֆֆի Ետալյանի «Այն բանի ձայնը, որը երբեք չի տեսնվել» (The Sound of What Was Never Seen) նախագծով (համադրող՝ Սոնա Հովհաննիսյան):


Նախագիծն ընտրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից 2025 թվականի հունիսին հայտարարված մրցույթի արդյունքում:


Մալթայի արվեստի 2-րդ բիենալեին ներկայացվող նախագիծը քանդակային և ձայնային ինստալյացիա է, որը հանդիսատեսին հրավիրում է խորհրդածական վիրտուալ ճանապարհորդության՝ բացահայտելու տեսանելիի և անտեսանելիի, ներկայի և անցյալի հարաբերակցությունը:


Նախագծի հեղինակը՝ արվեստագետ Ռաֆֆի Ետալյանը, Հայաստանի նկարիչների, ինչպես նաև Լիբանանի նկարիչների և քանդակագործների միության անդամ է։ Նրա ստեղծագործությունները ներառում են հուշարձաններ, ինստալյացիաներ և հանրային արվեստի նախագծեր: 2019 թվականին Ֆլորենցիայի XII բիենալեում Ռաֆֆի Ետալյանն արժանացել է «Lorenzo il Magnifico» ոսկե մեդալի՝ «Reflection of an Enigmatic Mind» ստեղծագործության համար: 2015 թվականին Վատիկանի ֆիլատելիստական և դրամագիտական գրասենյակը վերարտադրել է Ետալյանի «Սուրբ Իգնատիոս Մալոյան» կտավը, որին նվիրված նաև նամականիշ է թողարկվել: Ետալյանի աշխատանքները ցուցադրվել են Հայաստանում, Արաբական երկրներում, Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Արվեստագետի որոշ ստեղծագործություններ ներառված են աշխարհի տարբեր երկրների թանգարանների մշտական ցուցադրություններում և մասնավոր հավաքածուներում։


Մալթայի բիենալեի հայաստանյան տաղավարի համադրողը «Triangle of Collaboration» (ToC) մշակութային կազմակերպության համահիմնադիր և ICOM-ի (Թանգարանների միջազգային խորհուրդ) անդամ, արվեստաբան Սոնա Հովհաննիսյանն է։ Նրա գործունեության հիմքում հետազոտական և միջոլորտային մոտեցումներն են, որոնք ընդգրկում են ժամանակակից արվեստի, ճարտարապետության և տարածքային մշակույթի ուղղությունները։ Սոնա Հովհաննիսյանը որպես համադրող և մասնակից հանդես է եկել Հայաստանում, Գերմանիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, ինչպես նաև տարբեր միջազգային հարթակներում կազմակերպված ցուցահանդեսներում, հետազոտական ծրագրերում և բիենալեներում։ Նրա համադրողական գործունեության շնորհիվ արվեստի գործերը ներկայացվում և դիրքավորվում են միջազգային մակարդակում։


Այս տարի Մալթայի արվեստի 2-րդ բիենալեում ներկայացվելու է 47 նախագիծ, որոնք ընտրվել են աշխարհի 122 երկրներից ստացված ավելի քան 3200 դիմումներից։ Միջոցառման մասշտաբն ընդգծվում է ազգային և թեմատիկ 29 տաղավարներով՝ բիենալեն դիրքավորելով որպես տարածաշրջանի խոշոր միջազգային մշակութային իրադարձություն։


Նշենք նաև, որ Մալթայի արվեստի 2-րդ բիենալեի Հայաստանյան տաղավարի հանձնակատարը ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության պետ Սվետլանա Սահակյանը։


Մալթայի բիենալեին Հայաստանը մասնակցելու է Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ:

«La Vie en Rose». ֆրանսահայ երգիչ Հակոբը համերգով հանդես կգա Երևանում
Հաջորդ նորություն next
 Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան
18.02.2026
Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան