Հայաստանում հունվարի 27-ը կարող է դառնալ Հայրենիքի պաշտպանի հիշատակի օր
Լուսանկարը` VERELQ
Հայաստանի Ազգային ժողովը քննարկում է պետական տոնացույցում նոր ամսաթիվ ամրագրելու նախաձեռնությունը, որով առաջարկվում է հունվարի 27-ը հռչակել Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի և ոչ աշխատանքային օր։ Օրենսդրական փոփոխությունների նախագիծը հունվարի 19-ի նիստում երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, ով հանդիսանում է նախագծի համահեղինակը պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ միասին։
Ամսաթվի ընտրությունը, ըստ հիմնավորման, պայմանավորված չէ կոնկրետ ռազմական գործողությամբ, այլ ունի խորհրդանշական ենթատեքստ։ Ռուբինյանը պարզաբանել է, որ հունվարի 27-ը անմիջապես նախորդում է հունվարի 28-ին՝ Բանակի օրվան, ինչը հնարավորություն է տալիս ձևավորել հարգանքի տուրքի յուրահատուկ հաջորդականություն։ Հնչած ձևակերպման համաձայն՝ մտահղացումն այն է, որ առաջին օրը հանրությունը խոնարհվի «երկնային բանակի» առջև, իսկ հաջորդ օրը տոնի «երկրային բանակի» գոյությունը։
Նախաձեռնությունը նպատակ ունի իրագործել դեռևս 2000 թվականին ընդունված օրենքի պահանջը, քանի որ մինչ օրս զոհվածների հիշատակի համար առանձնացված համապետական օր սահմանված չի եղել։ Թեև քննարկվել են այլընտրանքային տարբերակներ, այդ թվում՝ օգոստոսյան ամսաթվեր կամ եկեղեցական տոներին հաջորդող մեռելոցները, օրենսդիրները կանգ են առել հունվարի 27-ի վրա՝ որպես առավել ընդունելի լուծում։
Ելույթի առանցքային շեշտադրումը վերաբերել է օրվա ապաքաղաքականացմանն ու համազգային միասնությանը։ ԱԺ փոխնախագահը կոչ է արել գործընկերներին այս նախաձեռնությունը դիտարկել որպես քաղաքական բևեռացումը հաղթահարելու հնարավորություն։ Նա ընդգծել է, որ սա պետք է լինի այն օրը, երբ քաղաքական տարբեր ճամբարների, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Դաշնակցության ներկայացուցիչները կմիավորվեն զոհվածների շիրիմների առջև՝ անկախ կուսակցական պատկանելությունից։ Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման պահից։