Իշխանությունը պետք է կենտրոնանա տնտեսության վրա. Նարեկ Կարապետյան
Լուսանկարը` AlphaNews
«Մեր ձևով» քաղաքացիական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը քննադատել է Հայաստանի ղեկավարության վարած քաղաքականությունը՝ կոչ անելով վերանայել պետական առաջնահերթությունները։
Մալաթիա-Սեբաստիա համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հասարակական գործիչը հայտարարել է, որ հոգևորականների դեմ պայքարի և ցուցադրական միջոցառումների փոխարեն կառավարությունը պարտավոր է ջանքերն ուղղել երկրի տնտեսական զարգացմանն ու քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը։
Իր ելույթում Կարապետյանը զուգահեռներ է անցկացրել քաղաքական ղեկավարության և գործարար դաշտի ներկայացուցիչների գործելաոճի միջև։ Մասնավորապես, նա օրինակ է բերել գործարար Սամվել Կարապետյանին՝ նշելով, որ մինչ որոշ գործիչներ զբաղված են հասարակության մեջ հակադրություններ և բացասական հույզեր գեներացնելով, մյուսները կենտրոնացած են զրոյից աշխատատեղեր ստեղծելու վրա։
Ըստ շարժման համակարգողի՝ իշխանությունն այլ հարցերով է զբաղվում պարզապես այն պատճառով, որ չի տիրապետում տնտեսական կառավարման հմտություններին։
Ամփոփելով իր տեսակետը՝ Նարեկ Կարապետյանն ընդգծել է քաղաքական գործիչների անցած ուղու կարևորությունը նրանց ապագա քայլերը կանխատեսելու հարցում։ Նրա համոզմամբ՝ հնարավոր չէ երեսուն տարի որոշակի կենսակերպով ապրելուց հետո արմատապես փոխվել. պետական լծակներ ունենալու պարագայում մարդը շարունակում է գործել նույն տրամաբանությամբ, պարզապես ավելի մեծ մասշտաբներով, քանի որ էությունն ու գործելաոճը մնում են անփոփոխ։