2.03.2026
Զանգեզուրի միջանցքը կարող է շահագործման հանձնվել մինչև 2030 թվականը․ Թուրքիայի նախարար
prev Նախորդ նորություն

Փաշինյանը «գովազդում է» Բաքվի բենզինը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանից բենզինի և դիզվառելիքի ներմուծումը արդեն իսկ էական ազդեցություն է ունեցել Հայաստանի վառելիքի շուկայի վրա՝ բերելով գների նվազման։


Վարչապետի խոսքով՝ 2025 թվականի դեկտեմբերի կեսերից Հայաստան է սկսվել ադրբեջանական արտադրության վառելիքի ներմուծումը, հիմնականում՝ պրեմիում դասի բենզին։ Արդյունքում, շուկայում պրեմիում բենզինի նվազագույն գինը նվազել է շուրջ 15 տոկոսով․ նախկին 510 դրամի փոխարեն մեկ լիտրը այժմ հնարավոր է ձեռք բերել 430 դրամով։


«Երկու օր առաջ Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել նաև դիզվառելիք, և այս կարճ ժամանակահատվածում դրա նվազագույն գինը շուկայում արդեն նվազել է շուրջ 2 տոկոսով», – նշել է վարչապետը։


Նրա խոսքով՝ նվազում է արձանագրվել նաև ռեգուլյար բենզինի հատվածում։ Եթե դեկտեմբերի 11-ին մեկ լիտրի նվազագույն գինը կազմում էր 500 դրամ, ապա այժմ այն հասել է 460 դրամի՝ շուրջ 8 տոկոս անկմամբ։


Փաշինյանը տեղի ունեցած փոփոխությունները կապում է տարածաշրջանային խաղաղության գործընթացի հետ։
«Այս ամենը խաղաղության օրակարգի արդյունքներն են և խաղաղության օգուտները», – հայտարարել է վարչապետը։
Միևնույն ժամանակ նա արձանագրել է, որ գործընթացը քննադատության է արժանանում թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում։ Հայաստանում որոշ շրջանակներ պնդում են, թե վառելիք գնելը նշանակում է ֆինանսական միջոցներ փոխանցել Ադրբեջանին, իսկ Ադրբեջանում հնչում են հակառակ պնդումներ։


Վարչապետը այդ մտահոգությունները որակել է անհիմն։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված, և այդ խաղաղությունը գնալով դառնում է ավելի ինստիտուցիոնալ։ Այս մտահոգությունները պարզապես տեղ չունեն», – ընդգծել է նա։


Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանում վառելիքի շուկայում նախկինում գոյություն ունեցած մենաշնորհային համակարգերը ստիպված են լինելու հարմարվել նոր մրցակցային իրականությանը։ «Այն ընկերությունները և շրջանակները, որոնք երկար տարիներ մենաշնորհային դիրք են ունեցել բենզինի շուկայում, այժմ ստիպված են իջեցնել գները։ Այդ մոնոպոլիաները փաստացի և վերջնականապես վերանալու են, և դրանից շահելու է Հայաստանի քաղաքացին», – ասել է վարչապետը։


Եզրափակելով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը մտնում է խաղաղ զարգացման փուլ, և հասարակությունը պետք է սովորի ոչ միայն խաղաղության մեջ ապրել, այլև խաղաղության բերած տնտեսական օգուտների հետ աշխատել։ «Սա խաղաղություն է, և մենք պետք է սովորենք խաղաղության մեջ ապրել ու խաղաղության օգուտների հետ հարաբերվել», – ասել է նա։


 


 


 

Կասեցվել է ներգաղթային մուտքի արտոնագրերի տրամադրումը գրին քարտի խաղարկության շրջանակում
Հաջորդ նորություն next