Սև լճի մոտ գտնվող դիրքում հայ զինվորներն անցնում են ադրբեջանական անցակետի կողքով
Սև լճի մոտ գտնվող դիրք բարձրանալիս հայ զինվորներն անցնում են ադրբեջանական անցակետի կողքով։ Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Մեկնաբանելով լրատվամիջոցներում նկարագրված այն իրավիճակը, թե ադրբեջանցի զինվորները «ստուգում են» հայ զինծառայողներին՝ նախարարը կտրականապես հերքել է նման պատկերը։ Նա հաստատել է, որ մեր զինվորներն անցնում են ադրբեջանական անցակետի կողքով, սակայն հերքել է, որ որևէ ստուգում է իրականացվում։
Նրա խոսքով՝ հարցն այն է, որ կա՛մ թողնել այդ դիրքը, կա՛մ անցնել ադրբեջանական հենակետի կողքով։ Պապիկյանը հստակեցրել է, որ որպես նախարար, այս իրավիճակի հեղինակն ինքը չէ։ «Նրանք անցնում են կողքով, գուցե նույնիսկ բարևեն ու զրուցեն։ Այս փուլում բացարձակապես ոչ մի խնդիր չկա։ Ամիսներ շարունակ ոչ մի խնդիր չի առաջանում», - հավելել է նախարարը։
Պատասխանելով Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքների ազատագրման վերաբերյալ հարցին՝ նախարարը հայտարարել է, որ հարցը գտնվում է սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների իրավասության շրջանակներում։