9.01.2026
Լուսանկարը` Social media of Gnel Sanosyan
prev Նախորդ նորություն

Երևանն ու Բաքուն ապրանքների ցանկեր են փոխանակում փոխադարձ առևտրի համար. Փաշինյան

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Հայաստանն ու Ադրբեջանը քննարկում են փոխադարձ առևտրի ընդլայնման հնարավորությունները։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կողմերն արդեն փոխանակում են պոտենցիալ ապրանքների ցանկերը, իսկ ադրբեջանական վառելիքի ներկրման շուկան ազատականացվում է բոլոր տնտեսվարողների համար։


Կառավարությունում հունվարի ութին կայացած ճեպազրույցի ժամանակ վարչապետը մանրամասներ է ներկայացրել հարևան երկրի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման ընթացքից։ Ըստ Փաշինյանի՝ ներկայումս ուսումնասիրության փուլում է գտնվում այն հարցը, թե կոնկրետ ինչ ապրանքատեսակների առքուվաճառքով են հետաքրքրված երկու երկրները։ Սա հուշում է, որ գործընթացը էներգակիրներից զատ կարող է ներառել տնտեսության այլ ճյուղեր ևս։


Անդրադառնալով ադրբեջանական բենզին ներկրող առաջին ընկերությունների ընտրությանը՝ վարչապետը պարզաբանել է, որ նախաձեռնությունը եղել է Ադրբեջանի փոխվարչապետինը։ Հայկական կողմը խնդիր է ունեցել գտնելու այնպիսի գործընկերների, որոնք հարցը չեն քաղաքականացնի և չեն փորձի տպավորություն ստեղծել, թե կառավարությունը պարտադրում է թշնամուց վառելիք գնել։ Փաշինյանը նշել է, որ մտավախություններն անհիմն չէին, քանի որ սկզբնական շրջանում եղել են վաճառքից հրաժարվողներ։


Այժմ, երբ մեխանիզմը գործարկված է, վարչապետը հայտարարել է սահմանափակումների վերացման մասին։ Նրա խոսքով՝ շուկան բաց է, և ցանկացած գործարար կարող է օգտվել Ադրբեջանից վառելիք ներկրելու հնարավորությունից։


Հիշեցնենք, որ դեկտեմբերին Վրաստանի տարածքով Հայաստան էր մտել ադրբեջանական SOCAR ընկերության վառելիքով բեռնված առաջին գնացքը, իսկ առաջիկա օրերին սպասվում է նոր խմբաքանակ։

 Լուսանկարը` primeminister.am
08.01.2026
Երևանն ու Բաքուն ապրանքների ցանկեր են փոխանակում փոխադարձ առևտրի համար. Փաշինյան