9.01.2026
Ես բառացիորեն մեկ օրում կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Թրամփ
prev Նախորդ նորություն

Մինչև 100 դրամով էժան. Պապոյանը խոսել է ադրբեջանական վառելիքի նոր խմբաքանակի մասին

Լուսանկարը` Social media of Gnel Sanosyan
Լուսանկարը` Social media of Gnel Sanosyan

Հայաստանի վառելիքի շուկայում սպասվում է գնային լուրջ մրցակցություն։ Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Ադրբեջանից բենզինի և դիզվառելիքի նոր խմբաքանակի ներկրման մասին, որը, ըստ կանխատեսումների, էականորեն կնվազեցնի գործող սակագները և կստիպի մյուս տնտեսվարողներին վերանայել իրենց գնային քաղաքականությունը։


Հունվարի 8-ին լրագրողների հետ զրույցում Գևորգ Պապոյանը հաստատել է, որ հարևան երկրից վառելիքի ներկրումը դադարում է սենսացիա լինելուց և մտնում է աշխատանքային հուն։ Նախարարի խոսքով՝ առաջիկա օրերին Հայաստան կհասնի մի քանի հազար տոննա վառելիք։ Ընդ որում, տեսականին ընդլայնվել է. «Պրեմիում» տեսակի բենզինից բացի ներկրվում է նաև «Ռեգուլյար» և, ինչը հատկապես կարևոր է գյուղատնտեսության համար՝ դիզելային վառելիք։


Կառավարությունն ակնկալում է, որ նոր խմբաքանակը շուկայում կվաճառվի գործող գներից մոտ 60-100 դրամով էժան։ Պապոյանը պարզաբանել է, որ էժան մրցակցի հայտնվելը բնական ճնշում կգործադրի մյուս ընկերությունների վրա՝ ստիպելով նրանց օպտիմալացնել ծախսերը և բանակցել իրենց մատակարարների հետ։ Նախարարը հատուկ ընդգծել է դիզվառելիքի գնի իջեցման ազդեցությունը՝ նշելով, որ դա մոտ 20 տոկոսով կկրճատի հողի մշակման ծախսերը։


Անդրադառնալով ներկրող ընկերությունների ընտրությանը՝ նախարարը շեշտել է, որ ինքը որևէ մեկին չի ընտրում, և գործընթացը թելադրված է զուտ շուկայական տրամաբանությամբ։ Նույն մեխանիզմով և նույն ընկերությունների միջոցով իրականացվող այս գործընթացը, ըստ Պապոյանի, արդեն «ռելսերի վրա է», և դրա միակ շահառուն լինելու է ՀՀ քաղաքացին, որը հնարավորություն կստանա օգտվելու ավելի մատչելի վառելիքից։


Ադրբեջանական բենզինի առաջին խմբաքանակը Հայաստան էր ներկրվել 2025 թվականի դեկտեմբերի 10-ին։ Գործընթացն իրականացրել էին երկու ընկերություն՝ Ran Oil բենզալցակայանների ցանցը շահագործող «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն և «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն։


Մատակարարումներին նախորդել էր քաղաքական հայտարարություն. դեկտեմբերի 6-ին Դոհայում կայացած պանելային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը խոսել էր դեպի Հայաստան նավթամթերքի արտահանման հնարավորության մասին։ Հատկանշական է, որ լոգիստիկ շղթայի գործարկմանն աջակցել էր նաև պաշտոնական Թբիլիսին՝ Վրաստանի տարածքով դեպի Հայաստան իրականացվող առաջին տարանցիկ փոխադրումն ազատելով տուրքերից։

Լուսանկարը` primeminister.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
08.01.2026
Երևանն ու Բաքուն ապրանքների ցանկեր են փոխանակում փոխադարձ առևտրի համար. Փաշինյան