Մոտ մեկ ամսով օրով դեպի սահման. հաստատվեց 2026-ի հավաքների ժամանակացույցը
Լուսանկարը` mil.am
ՀՀ կառավարությունը հաստատել է 2026 թվականի պահեստազորային հավաքների անցկացման կարգը։ Բանակային բարեփոխումների և ժամկետային ծառայության կրճատման ֆոնին պետությունը շեշտը դնում է պահեստազորի ակտիվ ներգրավման վրա՝ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու և մարտական հերթապահությունն ապահովելու նպատակով։
Հունվարի 8-ի նիստում գործադիրը որոշում է կայացրել տարվա ընթացքում՝ փետրվարից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, պարբերաբար իրականացնել վարժական հավաքներ։ Ծրագրի հիմնական նպատակը շարքային, ենթասպայական և սպայական կազմերի ռազմական հմտությունների կատարելագործումն ու վերապատրաստումն է։ Ըստ սահմանված կարգի՝ յուրաքանչյուր քաղաքացի հավաքներին կմասնակցի առավելագույնը 25 օրացուցային օր ժամկետով՝ ներգրավվելով նաև մարտական հերթապահության մեջ։
Այս գործընթացի համար կպահանջվի ավելի քան 3,1 միլիարդ դրամ։ Քանի որ պետբյուջեով հատկացված գումարը մոտ 2,5 միլիարդ է, պակասող շուրջ 547 միլիոն դրամը կլրացվի Պաշտպանության նախարարության ներքին խնայողությունների հաշվին։ Խոսքը Զինված ուժերի կերպափոխման և կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կրճատվող հաստիքների հաշվին տնտեսված միջոցների մասին է։
Հավաքների ակտիվացումը ուղղակիորեն կապված է նաև զորակոչի նոր կարգի հետ։ Այս տարվա հունվարի 1-ից ժամկետային զինծառայությունը դարձել է մեկուկես տարի, ինչը նշանակում է, որ առաջացող վեցամսյա բացը լրացնելու անհրաժեշտություն է առաջանում։ Ակնկալվում է, որ վարժական հավաքների մասնակիցների թվի ավելացումը թույլ կտա ՊՆ-ին փոխհատուցել այդ պակասը և անխափան իրականացնել սահմանային ծառայությունը։