«Չգրել «Պատերազմ և խաղաղություն»». Փաշինյանը պահանջում է հակիրճություն
Լուսանկարը` primeminister.am
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական համակարգում կառավարման նոր մշակույթ է ներդնում՝ պահանջելով վերջ տալ բյուրոկրատական շատախոսությանը։ Կառավարության ղեկավարը հորդորել է խնայել պետական պաշտոնյայի ամենաթանկ ռեսուրսը՝ ժամանակը, և փաստաթղթերը կազմել մաքսիմալ հակիրճ ու բովանդակալից։
Հունվարի 8-ին կայացած կառավարության նիստում ներկայացվել է «Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը», որն ավելի քան 100 էջից կրճատվել և հասցվել է 42 էջի։ Այս օրինակով վարչապետն ընդգծել է ռազմավարական փաստաթղթերի և ընթացիկ գրագրության նկատմամբ պահանջվող նոր մոտեցումը։ Ըստ նրա՝ ծավալուն, բայց սակավաբովանդակ տեղեկանքները ոչ միայն անարդյունավետ են, այլև փաստացի կաթվածահար են անում պետական ապարատի աշխատանքը։
Փաշինյանը հստակ խնդիր է դրել գերատեսչությունների առջև՝ հրաժարվել ավելորդ բառակույտերից։ Նա շեշտել է, որ եթե տեղեկանքը կարող է լինել մեկ էջ, այն չպետք է դառնա մեկուկես, իսկ երեք բառով արտահայտվող միտքը չպետք է ձգվի մինչև վեցը։ Վարչապետի խոսքով՝ երբ պաշտոնյաները ստիպված են լինում ժամեր ծախսել երկարաշունչ թղթեր կարդալու վրա, դա պետական ռեսուրսի վատնում է։
Անդրադառնալով «կարճ գրելու ժամանակ չունեի, դրա համար երկար գրեցի» հայտնի ասույթին՝ վարչապետը նշել է, որ բացառություն կարող են լինել միայն Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպին համարժեք գլուխգործոցները։ Մնացած բոլոր դեպքերում, ըստ Փաշինյանի, պետական կառավարման համակարգում պետք է գործի հակիրճության և կոնկրետության սկզբունքը։