7.01.2026
Լուսանկարը` Sputnik
prev Նախորդ նորություն

Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն. VERELQ-ի շնորհավորական ուղերձը

Հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդն ու Աստվածահայտնությունը՝ տոն, որը հայկական ավանդույթում միավորում է Հիսուս Քրիստոսի ծնունդն ու մկրտությունը և խորհրդանշում Աստծո հայտնությունը աշխարհին։ Այս օրը միահյուսում է հավատքը, պատմական հիշողությունը և դարավոր սովորույթները, որոնք ձևավորել են հայ հասարակության հոգևոր կերպարը։


Ի տարբերություն քրիստոնեական եկեղեցիների մեծ մասի՝ Հայ Առաքելական Եկեղեցին պահպանում է Սուրբ Ծնունդը հունվարի 6-ին նշելու հին ավանդույթը։ Առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է Ջրօրհնեքի կարգ (ըստ ավանդույթի՝ խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի մուտքը Հորդանան գետ): Պատարագիչը խաչով, ապա Մյուռոնով օրհնում է ջուրը, և հավատացյալներն այդ ջրից տուն են տանում՝ որպես օրհնություն ու բուժիչ զորություն։ Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներն՝ ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը. այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի կարգը:


Հայաստանի և աշխարհասփյուռ հայության համար այս օրը ոչ միայն եկեղեցական տոն է, այլև հիշեցում այն արժեքների մասին, որոնք հատկապես կարևոր են փորձությունների ժամանակ՝ ներքին արժանապատվություն, միմյանց նկատմամբ պատասխանատվություն և մարդկայնությունը պահպանելու կարողություն: Սուրբ Ծննդյան պատմությունը դժվարությունների հանդեպ հույսի հաղթանակի մասին է, ինչն այսօր էլ արդիական է։


VERELQ գործակալության թիմը շնորհավորում է իր ընթերցողներին և գործընկերներին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության կապակցությամբ: Մաղթում ենք ձեզ խաղաղություն, կայունություն, ստեղծված իրավիճակի հանդեպ հստակ հայացք և վստահություն բանականության ու երկխոսության ուժի նկատմամբ: Թող այս օրը անդորր բերի ձեր օջախներին, իսկ հանրային կյանքին՝ ավելի շատ պատասխանատվություն, համերաշխություն և իմաստ:

Քրիստոս ծնավ և հայտնեցավ,
Ձեզ և մեզ մեծ ավետիս:

Հարգանքով՝
VERELQ խմբագրություն


 

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով պաշտպանները կդիմեն միջազգային դատարան
Հաջորդ նորություն next
 Ես բառացիորեն մեկ օրում կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Թրամփ
30.12.2025
Ես բառացիորեն մեկ օրում կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Թրամփ