Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդն հաստատել է 250 միլիոն դոլարի ֆինանսավորում՝ աջակցելու «Հայաստանում բնակարանային աջակցության և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրին»։
Այս գործառնության նպատակն է ապահովել մատչելի բնակարանային հասանելիությունը փախստական ընտանիքների համար և ամրապնդել երկրի բնակարանային և հիփոթեքային համակարգերը։ Ֆինանսավորման փաթեթը ներառում է երկու դրամաշնորհ. «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի» (Global Concessional Financing Facility (GCFF)) ՝ 24.4 միլիոն դոլարի չափով, և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ավելցուկային ֆինանսավորմամբ «Կենսունակ մոլորակ հիմնադրամի» կողմից՝ 10 միլիոն դոլարի չափով։
«Այս ծրագրի հիմնական նպատակն է աջակցել հայ ընտանիքներին երկարաժամկետ բնակարանային պայմանների ձեռք բերման հարցում, ինչպես նաև նպաստել երկրի բնակարանային շուկայի կայունացմանն ու ոլորտի տնտեսական ցուցանիշների բարելավմանը», - նշել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն։«Մենք համատեղում ենք կարճաժամկետ օգնությունը այնպիսի ներդրումների հետ, որոնք առաջիկա տարիների ընթացքում կամրապնդեն Հայաստանում գործող համակարգերը»։
Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին օժանդակելու համար այս ծրագիրն անհապաղ վարձակալության աջակցություն կտրամադրի ավելի քան 40,000 փախստականների և հիփոթեքային սուբսիդիաների միջոցով կօգնի մոտ 6,500 փախստական ընտանիքների ձեռք բերել մշտական բնակարաններ։ Այն նաև ֆինանսական աջակցություն կտրամադրի Ազգային հիփոթեքային ընկերությանը (ԱՀԸ)՝ բնակարանային ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկեր առաջարկող առևտրային բանկերի վերաֆինանսավորումը հեշտացնելու և փախստականների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի կառավարման համակարգերի արդիականացման համար։
Ծրագիրը նաև կամրապնդի ինստիտուցիոնալ և բնակարանային քաղաքականության շրջանակները և կբարելավի ԱՀԸ-ի կորպորատիվ կառավարումը։ Ծրագիրն իրականացվելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Ազգային հիփոթեքային ընկերության ղեկավարությամբ՝ կառավարության վերահսկիչ կոմիտեի ռազմավարական վերահսկողության ներքո։
Ծրագիրը փոխլրացնում է զարգացման գործընկերների ոլորտային ծրագրերը, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկի զուգահեռ աջակցությունը։ Այն նաև համահունչ է միջազգային զարգացման գործընկերների, ինչպիսիք են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿՓԳ), ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մարդասիրական օգնություն տրամադրելու, փախստականների ինտեգրումը հեշտացնելու և կենսապահովման միջոցները ընդլայնելու շարունակական ջանքերին։ Միասին այս ներդրումները կընդլայնեն բնակարանային ֆինանսավորման հասանելիությունը, կխթանեն մասնավոր հատվածի ներդրումները հիփոթեքային շուկայում և կօգնեն Հայաստանին առաջ շարժվել դեպի ավելի դիմակայուն, երկարաժամկետ և ներառական բնակարանային համակարգ։
«Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամը» Հայաստանին տրամադրել է 40.40 միլիոն դոլարի դրամաշնորհներ, որոնք հնարավորություն են տվել Համաշխարհային բանկից արտոնյալ պայմաններով ստանալ 350 միլիոն դոլարի վարկեր՝ փախստականներ ընդունող համայնքներին և փախստականներին կրթության և բնակարանաշինության ոլորտներում աջակցելու, ինչպես նաև փախստականներին վերաբերող քաղաքականության մշակման համար: Այս ծրագրի շրջանակներում հիմանադամի՝ Հայաստանին ուղղված ներդրումը տրամադրվել է Ճապոնիայի, Նիդեռլանդների և Շվեդիայի կառավարությունների կողմից։
Համաշխարհային բանկը հավատարիմ է իր որոշմանը՝ աջակցելու Հայաստանին կենսունակ մոլորակի վրա աղքատության կրճատման զարգացման ճանապարհին: 1992 թվականին Հայաստանում իր գործունեությունը սկսելուց ի վեր Համաշխարհային բանկը շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլար է տրամադրել երկրին, այդ թվում մոտ 415 միլիոն ԱՄՆ դոլարի ընթացիկ ներդրումային պորտֆելը` ի հավելումն դրամաշնորհների, վերլուծական աշխատանքների, հավատարմագրային հիմնադրամների և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (IBRD) կողմից, ինչպես նաև Միջազգային զարգացման ասոցիացիայի (IDA) կողմից տրամադրված տեխնիկական աջակցությանը։ Հայաստանը վերջինիս դոնոր երկիր դարձավ 2023 թվականին: