10.12.2025
Նոր տեղապահի գործը պետք է լինի նոր կանոնակարգի ընդունման կազմակերպումը. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Պատասխանատվությունն այլոց վրա բարդելու Փաշինյանի փորձը տապալվեց». Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթերի հրապարակմանը. 


«Պաշտոնական մեկնաբանությունը՝ «Ի՞նչ է բացահայտում Լեռնային Ղարաբաղի բանակցային փաթեթը» վերտառությամբ, որով ազդարարվեց 2025 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանի կառավարության կողմից Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթերի հրապարակումը, ոչ այլ ինչ է, քան պարզունակ, ընդ որում անհեռանկարային փորձ՝ այլոց վրա բարդելու պատասխանատվությունը 2018 թվականի մայիսից հետո Լեռնային Ղարաբաղի հարցով իշխանությունների վարած ձախողյալ քաղաքականության աղետալի հետևանքների համար։


 Շատ պարզ հարց է ծագում. եթե, ըստ Հայաստանի ներկայիս իշխանավորների պնդումների, բանակցային գործընթացն ու համանախագահների առաջարկները առավելություններ էին տալիս միայն Բաքվին, ապա ինչո՞ւ էր հենց ադրբեջանական կողմը առնվազն 2008 թվականից ընդհուպ մինչև 2018 թվականը հրաժարվում այդ բոլոր առաջարկներից, քննադատում համանախագահներին և նույնիսկ կոչ անում լուծարել խումբը։


Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, հրաժարվել է հիմք ընդունել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների 5 հայտարարություններ, որոնք արվել են Լ’Ակվիլայում, Մուսկոկայում, Լոս Կաբոսում և Էնիսկիլենում:


Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, մերժել է 2008-2017 թվականներին ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում ԵԱՀԿ արտգործնախարարների ընդունած հայտարարությունները և 2010 թվականին Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովում ընդունված հայտարարությունը, կամ էլ հետագայում է հետքայլ արել նախնական համաձայնությունից։


Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, հրաժարվել է Սանկտ Պետերբուրգի (2010թ. հունիսի 17), Աստրախանի (2010թ. հոկտեմբերի 27), Սոչիի (2011թ. մարտի 3), Կազանի (2011թ. հունիսի 24), Սոչիի (2012թ. հունվարի 23), Վիեննայի (2016թ. մայիսի 16), Սանկտ Պետերբուրգի (2016թ. հունիսի 20), Ժնևի (2017թ. հոկտեմբերի 16) գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածություններից:


Փակուղի մտցնելով իրեն բանակցային գործընթացում՝ Ադրբեջանը մինչև 2018 թվականը բազմիցս սպառնացել է դուրս գալ դրանից, բայց չի արել այդ քայլը, վախենալով բաց առճակատումից հակամարտության կարգավորման միջնորդության միջազգային մանդատ ունեցող համանախագահ երկրների՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ, համապատասխանաբար վախենալով նաև ողջ միջազգային հանրության հետ բաց ընհարումից: Ընդ որում Բաքուն, հրադադարի բազմակի խախտումներով, բանակցային գործընթացի տորպեդահարմամբ մշտապես սադրել է Երևանին հրաժարվել բանակցություններից, որպեսզի Հայաստանի վրա բարդի խաղաղ գործընթացի ձախողման մեղքը։ Բայց դա ադրբեջանական կողմին ոչ մի կերպ չի հաջողվել։


Ավելին, Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումները դառնում էին գրեթե համահունչ, ինչի մասին հրապարակավ հայտարարվել է բազմիցս։


Հրաժարվելով համանախագահ երկրների գրեթե բոլոր առաջարկներից, նախաձեռնություններից կամ մշտապես հետքայլ կատարելով արդեն ձեռք բերված պայմանավորվածություններից՝ Ադրբեջանը հակամարտության կարգավորման նկատմամբ մոտեցումներում գործնականում հակադրվեց ոչ միայն Հայաստանին, այլև միջազգային հանրությանը:


2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ակնհայտ էր խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթացի տարիների ընթացքում մշակված ամենի պահպանմանը, ամրագրմանը և հետագա կատարելագործմանն ուղղված ջանքերը շարունակելու անհրաժեշտությունն ու կարևորությունը:


Ակնհայտ էր նաև, որ դրանից նահանջը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ։ Նույն կարծիքին էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։


Սակայն Հայաստանի նոր իշխանությունները 2018-ի մայիսից հետո հայտարարեցին, թե որոշել են բանակցությունները սկսել «իրենց կետից», գործնականում հրաժարվելով նախորդ տարիների բանակցային աշխատանքի արդյունքներից, բայց ըստ որում չկարողանալով նույնիսկ համանախագահներին բացատրել, թե որտեղ է այդ «իրենց կետը»։ Եթե մինչ իրենց բազմիցս հավաստվել էր, որ Հայաստանի դիրքորոշումը համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին, ապա այդժամ Երևանը միջազգային հանրության աչքում դարձավ բանակցային գործընթացի ոչ կառուցողական կողմ: Իսկ այն բանից հետո, երբ Հայաստանի նոր տիրակալը, «իրեն գժի տեղ դրած», սկսեց կասկածներ հայտնել, թե հակամարտությունը կարելի է լուծել բանակցությունների միջոցով, Բաքուն ստացավ այն, ինչը նրան չէր հաջողվում տարիներ շարունակ. որպես կազուս բելլի՝ պատերազմի սանձազերծման առիթ, մեղադրել Հայաստանին բանակցություններից հրաժարվելու մեջ։



Հնարավո՞ր էր արդյոք կասեցնել պատերազմը։ Հավանաբար՝ այո, եթե պատրաստ լինեին համարժեք հակահարված տալ, և եթե աջակցություն ու ըմբռնում լիներ դաշնակիցների և միջազգային հանրության կողմից, որոնք վճռական միջոցներ կձեռնարկեին ռազմական գործողություններն անմիջապես դադարեցնելու համար։


Իրադարձությունների այդպիսի զարգացման ականատեսը եղանք 2016 թվականի ապրիլին, երբ ձախողվելով դիվանագիտական դաշտում՝ Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ, փորձելով ուժային մեթոդներով պարտադրել իր մոտեցումները բանակցային գործընթացի շրջանակներում, բայց այդ փորձերը ձախողվեցին։ Սակայն Փաշինյանի ու իր թիմի դիվանագիտական, քաղաքական, ինչպես նաև ռազմական ակնհայտ սխալների պատճառով Հայաստանը 2020 թվականին հայտնվեց շատ ողբալի վիճակում, ինչը հանգեցրեց ջախջախիչ ռազմական պարտության՝ բազմահազար զոհերով, և Արցախի կորստի։


Այն պնդումները, թե բանակցային գործընթացի ընթացքում Ռուսաստանը, համանախագահ մյուս երկրները հակամարտության կարգավորման նպատակով, իբր, առաջարկել են Ադրբեջանին վերադարձնել հայկական վերահսկողության տակ գտնվող 7 շրջանները Լեռնային Ղարաբաղի շուրջ՝ փոխարենը ոչինչ չառաջարկելով ո՛չ կարգավիճակի, ո՛չ անվտանգության երաշխիքների, ո՛չ էլ այլ բնութագրիչների առումով, ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև չեն դիմանում որևէ քննադատության: Այդ մասին բազմիցս հայտարարություններ են արել Մինսկի խմբի համանախագահ երկրները, այդ մասին ակնառու կերպով վկայում են նաև դեկտեմբերի 2-ին Հայաստանի ներկայիս իշխանավորների հրապարակած փաստաթղթերը»:


2008թ. դեկտեմբերից մինչև 2011թ. հունիսի 24-ին Կազանում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթաժողովը կողմերը Ռուսաստանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ բանակցություններ են վարել «Հիմնարար սկզբունքների» համաձայնեցման շուրջ: Կայացել են նախագահների երկկողմ (Հայաստան և Ադրբեջան) և եռակողմ (Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան) տասներկու գագաթնաժողովներ, արտգործնախարարների երեք տասնյակ հանդիպումներ։ Ադրբեջանն ամեն անգամ հետ է կանգնել ձեռք բերված պայմանավորվածություններից։ Բարձրակետը Կազանի գագաթնաժողովն էր, երբ հակառակ համանախագահ երկրների սպասումների՝ Ադրբեջանը փաստացի հրաժարվեց հիմնականում արդեն համաձայնեցված տեքստից, առաջադրելով ավելի քան 10 փոփոխություն։


Կազանից հետո էլ՝ 2011-ից մինչև 2018 թվական, համանախագահները շարունակել են ջանքերը կարգավորման ուղիներ գտնելու ուղղությամբ։ Կազանի գագաթնաժողովում քննարկված «Հիմնարար սկզբունքների» նախագծից հետո (վերջին աշխատանքային փաստաթուղթը, որն ի պահ է հանձնվել ԵԱՀԿ քարտուղարությանը՝ բոլոր աշխատանքային փաստաթղթերի հետ միասին, որոնց շուրջ բանակցություններ են ընթացել մինչեւ 2011 թվականը) չի եղել ոչ մի աշխատանքային փաստաթուղթ, որը կողմերի միջև բանակցությունների առարկա դառնար: Պատահական չէ, որ Ս.Լավրովը բազմիցս հայտարարել է, որ «ոչ մի փաստաթուղթ, բացի նրանցից, որոնք ի պահ են հանձնվել ԵԱՀԿ-ին, գոյություն չունի»:


2011-ից 2018 թվականներին մշակված բոլոր առաջարկները կողմերին փոխանցվել են «non paper» ձևաչափով և 2011-ի հունիսին Կազանում քննարկված փաստաթղթից տարբերվել լոկ ձևով, բայց ոչ էությամբ: Այդ «non paper»-ների վերջին տարբերակները ձևակերպված էին մեկ ամբողջություն ներկայացնող փոխկապակցված երեք փաստաթղթերի տեսքով, որոնք միասին պահպանում էին Կազանի փաստաթղթի գրեթե բոլոր տարրերը և իրենցից ներկայացնում պատկառելի հենք, որում ամրագրված էր համակողմանի մոտեցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը:


2018 թվականի հունվարի 18-ին Կրակովում կողմերին ներկայացված «non paper»-ը բաղկացած էր ընդամենը մեկ էջում շարադրված երեք կետերից, որոնք, ինչպես առաջարկում էին համանախագահները, կարող էին ներառվել Հայաստանի և Ադրբեջանի հնարավոր հետագա համատեղ հայտարարության մեջ: Բաքուն մերժեց նաև այդ առաջարկը։


Միայն 2019 թվականի հունիսին՝ Փաշինյանի իշխանության գալուց մեկ տարի անց, կողմերին հանձնվեց Կազանի գագաթնաժողովից հետո համանախագահների ստորագրած առաջին պաշտոնական (այլ ոչ թե «non paper») փաստաթուղթը՝ նույնպիսի առաջարկություններով, ինչպիսիք ներկայացվել էին 2019 թվականի ապրիլին առանց համանախագահների ստորագրության։


Ի՞նչ դրույթներ են մշակվել համանախագահների հետ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ 2008 թվականից ի վեր:


Միջանկյալ կարգավիճակ։ Մինչև վերջնական կարգավիճակի որոշումը Լեռնային Ղարաբաղը ստանում էր միջանկյալ կարգավիճակ՝ իր եղանակավորման բոլոր մանրամասների նկարագրությամբ, այն է՝ օրենսդիր, գործադիր և տեղական իշխանության մարմինների, դատարանների, ինքնապաշտպանության սեփական ուժերի և իրավակարգի ուժերի ձևավորում ու գործունեություն, դիտորդի կարգավիճակի տրամադրում ԵԱՀԿ-ում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին անդամակցելու իրավունք, որտեղ Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը չի դիտարկվի որպես խոչընդոտ, արտաքին կապերի իրականացում համաձայնագրով նախատեսված ոլորտներում, օտարերկրյա անմիջական ներդրումներ, աջակցություն միջազգային դոնոր կազմակերպություններից ու օտարերկրյա պետություններից և մուտք միջազգային շուկաներ: Այս ամենը գործնականում, ինչպես նշում էին իրենք՝ համանախագահները, նշանակում էր «ստատուս քվո պլյուս», այլ բնավ ոչ Ղարաբաղի առկա կարգավիճակի չեղարկում։


Վերջնական իրավական կարգավիճակ: Նախատեսվում էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է համաժողովրդական քվեարկության միջոցով, որը կամրագրեր Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությունը (համանախագահներն իրենց բոլոր առաջարկություններում պնդել են դա, չնայած Բաքվի այն պահանջին, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն պետք է նախատեսել Ադրբեջանի ողջ տարածքում), որն իրավաբանորեն պարտադիր բնույթ ունի։ Ընդ որում ընդգծվում էր, որ քվեարկության դրվող հարցի կամ հարցերի ձևակերպումը ոչնչով չի սահմանափակվելու, ենթադրելով ցանկացած կարգավիճակի ընտրություն: Լեռնային Ղարաբաղի քվեարկությանը մասնակցող բնակչություն ասելով՝ նկատի էին առնվում ցանկացած ազգության անձինք նույն համամասնությամբ, ինչպես դա եղել է Լեռնային Ղարաբաղում 1988 թվականին, համաձայն հակամարտության սկսվելուց առաջ անցկացված վերջին մարդահամարի արդյունքների (ըստ մարդահամարի՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունն այն ժամանակ կազմել է 76%)։


Անվտանգության երաշխիքներ։ Միջանկյալ կարգավիճակի պայմաններում նախատեսվում էին անվտանգության բազմամակարդակ երաշխիքներ. Լեռնային Ղարաբաղի դեմ ուժի չկիրառման Ադրբեջանի պարտավորություն, խաղաղության պահպանման միջազգային գործողություն՝ խաղաղապահ ուժերի տեղակայմամբ, որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր Հայաստանի դերի ճանաչում, անվտանգության ապահովում Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի միջոցով, անվտանգության երաշխիքներ համանախագահ երկրների կողմից, ինչպես նաև այդ նպատակով ՄԱԿ-ի անվտանգության Խորհրդի ընդունած համապատասխան բանաձև։


Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցք։ Նախքան վերջնական կարգավիճակի որոշումը, Լաչինի շրջանով միջանցքի օգտագործման անվտանգությունը և բոլոր հարցերը պետք է ապահովվեին և լուծվեին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից՝ խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահի դրությամբ գոյություն ունեցող ստատուս քվոյի պայմաններով։


Այդ միջանցքի վերջնական կարգավիճակը և լայնությունը պետք է որոշվեր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման համատեքստում։


Տարածքների վերադարձ։ Փաթեթային պայմանավորվածության շրջանակներում՝ այնպիսի բնութագրիչների վերաբերյալ, ինչպիսիք են վերջնական կարգավիճակի, միջանցքի և այլ տարրերի որոշումը, միջազգային և այլ հստակ երաշխիքներից ու անվտանգության միջոցների գործարկումից հետո, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երաշխիքները, խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո նախատեսվում էր հինգ շրջանների՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Զանգելանի և Կուբաթլիի վերադարձ, որոնք պետք է ապառազմականացվեին, և հենց շփման գծում, այլ ոչ թե Ղարաբաղում պետք է տեղակայվեին խաղաղապահ ուժերը:


Լաչինի ոչ միջանցքային մասի և Քելբաջարի շրջանի վերադարձը նախատեսվում էր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման վերաբերյալ համաժողովրդական քվեարկության անցկացման կազմակերպչական հարցերի համաձայնեցման հետ կապակցված։


Հաղորդակղության ուղիների բացում: Հակամարտության կարգավորման համաձայնագրի իրականացման շրջանակներում Կազանի փաստաթղթում, ինչպեսև հետագա մշակումներում, առաջարկվում էր հետ կանչել բոլոր վերապահումներն ու հատուկ կարծիքները համապատասխան միջազգային համաձայնագրերից, որոնք սահմանափակում են հաղորդակցության ուղիների ազատությունը, վերացնել շրջափակումները, ապահովել տրանսպորտային և այլ անարգել կապեր, բացել բոլոր սահմաններն ու կողմերի տարածքներով անցնող կապուղիները (այդ սահմանափակումները մտցվել էին հենց Ադրբեջանի կողմից): Կրկնենք, խոսքն ամբողջ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման մասին էր և շեշտադրում չկար կոնկրետ շրջանի կամ շրջանների վրա։


Համանախագահների բոլոր առաջարկները նախատեսում էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի փաթեթային լուծում՝ կարգավորման բոլոր բաղադրիչների փոխկապակցման փուլային իրագործմամբ:


Շատ տարօրինակ, եթե չասենք՝ խորշելի են դիտվում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ գոյություն ունեցող տասնյակ փաստաթղթերից Հայաստանի այսօրվա կառավարիչների հրապարակած ոչ մեծ, ընտրովի ցանկում հղումները 1994 թվականի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի և 1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարություններին: Ոչ պակաս պարադոքսալ է Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ 1993թ. ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած բանաձևերի հրապարակումն ու հղումները։ Բոլոր այդ փաստաթղթերը, բացի Ադրբեջանից, ոչ ոք՝ ո՛չ ՄԱԿ-ը, ո՛չ ԵԱՀԿ-ն, ո՛չ էլ համանախագահ երկրները, չեն հիշել և հղում չեն արել դրանց առնվազն 2008 թվականից հետո տասը տարի։


Փաշինյանն ու իր թիմն այսօր փաստացի վերածվել են Ադրբեջանի ղեկավարության ջատագովների։


Ընդ որում, ներկայիս իշխանավորներն անտեսում են, ինչպես դա տարիներ շարունակ արել է Բաքուն, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2008-2017 թվականներին ԵԱՀԿ գագաթնաժողովի և ԱԳՆԽ-ի շրջանակներում ընդունված հայտարարությունները, չենք խոսում արդեն ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների կարևորագույն հայտարարությունների մասին, որոնք հրապարակվել են 2009-2013 թվականներին Ակվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս Կաբոսում և Էնիսկիլենում։ Ինչպես որ անտեսվում են 2016թ. մայիսի 16-ին Վիեննայում նախագահների և արտգործնախարարների հանդիպման և 2016թ. հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովում ընդունված ոչ պակաս նշանակալի հայտարարությունները, մոռացության են մատնվում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բազմաթիվ համատեղ հայտարարությունները:


Հրապարակելով մի քանի փաստաթղթեր՝ հղում անելով Ռուսաստանից ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վ.Ն.Կազիմիրովի կայքին, Հայաստանի կառավարությունը ձևացրեց, թե չի նկատել 1994-1995 թվականներին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև հրադադարի մասին եռակողմ, անժամկետ առանցքային համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել մեծապես նաև դեսպան Կազիմիրովի շնորհիվ:


Ցանկը կարելի է շարունակել: Հենց սա է ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ այն ժառանգությունը, որ ստացել է Հայաստանի կառավարությունը, և որին այդքան ապաշնորհ ու այդչափ ողբերգական հետևանքներով տնօրինեց Փաշինյանի իշխանությունը։


Տրամաբանական կլիներ առաջարկել ներկայիս հայ իշխանավորներին հրապարակել Լեռնային Ղարաբաղին վերաբերող փաստաթղթերը, որոնք ընդունվել են 2018-ից հետո։ Հուսանք, որ դրանք պատճենելու համար այնքան էլ շատ ժամանակ չի պահանջվի: Իսկ այդ հրապարակումը վառ ապացույց կդառնա, թե ինչ ժառանգություն է թողնելու Փաշինյանը Հայաստանի ապագա ղեկավարներին։


Չէ՞ որ գալով իշխանության՝ Փաշինյանը խոստացել էր «ամեն ինչի մասին տեղեկացնել ժողովրդին», որը «մանդատ էր տվել իրեն»։ Սակայն այդ խոստումը փոխարկվեց աշխարհի տարբեր անկյուններում հեծանիվ քշելու, սելֆի անելու, կարկանդակներ ուտելու ու այլևայլի մասին Facebook-ում տեղադրված տեսագրությունների։ Եվ վերջապես որպես ապոթեոզ հնչեց. «Ինչ որ պետք է, էն էլ բանակցո՛ւմ ենք»։


Իսկ ի՞նչ է մտապահվել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փաշինյանական քաղաքականության մասին։ Հասարակական գիտակցության մեջ մնացել է ընդամենը երկու թեզ. նախ՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», իսկ հետո՝ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է...»։


Ս.թ. դեկտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փաստաթղթերի հրապարակումը, Փաշինյանի ու իր թիմի մտահղացմամբ՝ նպատակ էր հետապնդում ոչ միայն հանրային գիտակցությունը մանիպուլյացիայի ենթարկելու միջոցով վարկաբեկել նախորդ իշխանություններին՝ երեք նախագահների գլխավորությամբ, և փորձել նրանց վրա բարդել պատասխանատվությունը իբրև խաղաղարարություն հրամցվող իր պարտվողական քաղաքականության ձախողման համար։ Դա ուղղված էր նաև այն նպատակին, որ շեղի ժողովրդի ուշադրությունը ներկայիս իշխանությունների ապաշնորհ քաղաքականության ողբերգական հետևանքների ծանր բեռից։ Սակայն այդ փորձը լիովին ձախողվեց և իրականում դարձավ փաշինյանական թիմի ինքնամերկացում ու արածի համար նրա լիակատար պատասխանատվության դատավճիռ։