Էդուարդ Շարմազանովի հորդորը քննադատներին. Սկզբում մտածեք, նոր խոսեք
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հանդես է եկել հայտարարությամբ, որում կրկնել է իր այն միտքը, որ ի տարբերություն վերջին 10-15 տարիների, այս ընտրությունների արդյունքում հասարակությունը դուրս չեկավ փողոց: Հայտարարությունը արվել է ի պատասխան մամուլում տեղ գտած որոշ հրապարակումների, որոնք, Շարմազանովի խոսքով, մեղմ ասած անտրամաբանական են:
ԱԺ փոխնախագահը հատուկ նշում է, որ սահմանադրական բարեփոխումներից հետո կայացած խորհրդարանական ընտրությունները պետք է համեմատել ոչ թե նախորդ խորհրդարանականների, այլ նախագահական ընտրությունների հետ, քանի որ այլեւս համապետական միակ ընտրությունը խորհրդարանականն է:
«Հայտնի է, որ թե 2003-ի, թե 2008-ի, թե 2013-ի նախագահական ընտրություններից հետո հասարակության որոշ խմբեր ապավինեցին հետընտրական պայքարին, որը տեղի չունեցավ, կրկնում եմ, այս համապետական խորհրդարանական ընտրություններից հետո»,- նշում է նա՝ ավարտելով իր հայտարարությունը բարեմաղթանքով.
«Ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հայտնի հերոսը` սկզբում մտածեք, նոր խոսեք»:
Հիշեցնենք, ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պահպանեց քաղաքական մեծամասնությունը: