VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
"Հրապարակը" գրում է. Մի քանի օր է՝ մեզ չի հաջողվում երկրորդ նախագահի գրասենյակից պարզաբանում ստանալ Ռոբերտ Քոչարյանի` Մոսկվա այցի մասին։ Մեզ տեղեկություններ են հասել, որ նա վերջերս Մոսկվա է մեկնել, հանդիպել է հայաստանյան հարցերով կրեմլյան կուրատոր Սերգեյ Կիրիենկոյի հետ, քննարկել են հայաստանյան ներքաղաքական հարցեր, այդ թվում՝ ընտրությունների հետ կապված։ Երկրորդ նախագահը, մեր տեղեկություններով, ընտրություններում հաջողություն գրանցելու իր բանաձեւն է ներկայացրել, որ պետք է ընդդիմադիր դաշտը կոնսոլիդացնել, հնարավորինս լայն ճակատով պայքարել իշխանության դեմ, ինչը նաեւ ֆինանսական ծախսեր է ենթադրում:
Կրեմլի պաշտոնյան որեւէ կոնկրետ պարտավորություն չի ստանձնել, ավելին` գրեթե հասկացրել է, որ իրենք ձեռքերը լվացել են Հայաստանից։
Երեկ փորձեցինք «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանից պարզել՝ երկրորդ նախագահը վերջին օրերին եղե՞լ է Մոսկվայում, սակայն նա ասաց, որ տեղյակ չէ նախագահի այցերի մասին։ Իսկ Կիրիենկոյի հետ հանդիպումի՞ց։ «Նո քոմենթ»,- ասաց պատգամավորը։
"Հրապարակը" գրում է. Փաշինյանը ձգտում է ամեն գնով նվազեցնել կախվածությունը ԵԱՏՄ-ից եւ Ռուսաստանից՝ հատկապես հայկական ապրանքների արտահանման առումով։ Դրա համար մտածում է, որ անհրաժեշտ է գտնել նոր շուկաներ, հատկապես՝ ասիական եւ եվրոպական։ Թեեւ հասկանում է, որ այդ դեպքում երկիրը կորուստներ կունենա` զրկվելով այն արտոնություններից, որոնք կան ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունից։
Մեզ հասած տեղեկություններով, կառավարության ֆինանսական բլոկում քննարկվում են բյուջեի հավանական դեֆիցիտը կրճատելու, ռիսկերը նվազագույնի հասցնելու հարցերը եւ, բնականաբար, գլխավոր լուծումը տեսնում են Հարկային օրենսդրության փոփոխությունների, այսինքն` հարկերը բարձրացնելու մեջ:
Ի՞նչ է կոնկրետ առաջարկում «մեծն տնտեսագետ» Նիկոլ Փաշինյանը: Նա 3 ուղղությամբ է տեսնում լուծումը`
1. բարձրացնել հարկերն այնպիսի ապրանքների վրա, ինչպիսիք են ծխախոտը, ալկոհոլը, վառելիքը եւ այլն,
2. սահմանել շքեղության հարկ,
3. խստացնել եկամտահարկի շրջանակը բնակչության համար:
Նա հասկանում է, որ ընտրություններից առաջ դա չի կարող անել` դա կնվազեցնի իր վերարտադրվելու շանսերը, ուստի մտադիր է այս փոփոխություններին գնալ խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո։
Միեւնույն ժամանակ կարծում են, որ բյուջեի մուտքերի ավելացումը հակառակ էֆեկտը կունենա` կօգնի հայկական ապրանքների արտահանումը դեպի այլ շուկաներ վերակողմնորոշելու գործընթացում։
"Հրապարակը" գրում է. ՔՊ-ում քննարկվող թիվ 1 թեման 2026-ի նախընտրական ցուցակն է՝ ով որ հորիզոնականում կհայտնվի, ով դուրս կմնա։ Մեզ պատմեցին, որ տարբեր շրջանակներից փորձում են ջերմ հարաբերություններ հաստատել նորընտիր վարչության հետ, խնդրել, որ իրենց համար բարեխոսեն «վերեւներին»՝ անցողիկ տեղերի համար, սակայն, ինչպես ասում են, քաչալը ճար ունենա, իր գլխին կանի: Վարչության որոշ անդամներ վստահ չեն, որ առաջատար դիրքում են լինելու։ ՔՊ-ն դարձել է հիմնարկ, որտեղ ամեն ինչ «տնօրենն» է որոշում:
Չնայած «Կուսակցությունների մասին» օրենքով համագումարը պետք է ընտրի ցուցակի առաջին 30 համարին: Ենթադրում են, որ սեպտեմբերին վարչության կազմում ընտրվածները կանցնեն նաեւ գարնանը նախատեսվող համագումարի ժամանակ: Թիմում խոսում են, որ Փաշինյանից բացի, ցուցակի ձեւավորմանը նաեւ արտաքին «փայատերերն» են մասնակցելու, որ ռուսամետ տարրերը բացառվեն։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խախտել է Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի պահանջները. պատերազմի հանգամանքները ուսումնասիրող 210 էջանոց զեկույցը նա չի տրամադրել հանձնաժողովի անդամներին, ինչի հետեւանքով նրանք զրկվել են Կանոնակարգով ամրագրված՝ հատուկ կարծիք ներկայացնելու իրավունքից։
ԱԺ Կանոնակարգի Հոդված 25-ը («Քննիչ հանձնաժողովի զեկույցը») հստակ սահմանում է.
«1. Քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է հանձնաժողովի ստեղծման համար հիմք հանդիսացած հարցի վերաբերյալ պարզված փաստերը, ինչպես նաեւ դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները:
2. Եթե քննիչ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդը զեկույցի վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նրանց ներկայացուցիչը կարող է Ազգային ժողովի նիստում զեկույցի քննարկման ընթացքում հանդես գալ հարակից զեկուցմամբ՝ ներկայացնելով հատուկ կարծիքը»:
Սակայն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հանձնաժողովի անդամներից Հայկ Սարգսյանը, Քրիստինե Պողոսյանը, նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հաստատեցին, որ զեկույցը երբեք չեն տեսել։ Իսկ Արմեն Խաչատրյանն ու Գուրգեն Մելքոնյանը չպատասխանեցին մեր հեռխոսազանգերին:
Այսպիսով՝ Անդրանիկ Քոչարյանը փաստացի խախտել է Կանոնակարգի պահանջները. զեկույցը պահվել է գաղտնի ոչ միայն հանրությունից, այլեւ հանձնաժողովի անդամներից։
Ժամկետների խախտում
Հանձնաժողովը ստեղծվել էր 2022 թվականի փետրվարի 10-ին։ Լիազորությունները երկարաձգվել էին երկու անգամ՝ 2022թ. հոկտեմբերի 5-ին եւ 2023թ. մայիսի 3-ին։ Սակայն հենց այդ օրը՝ 2023 թվականի մայիսի 3-ին, լրացել էր հանձնաժողովի վերջնական ժամկետը։
ԱԺ Կանոնակարգի Հոդված 26-ը («Ժամանակավոր հանձնաժողովների գործունեության դադարեցում») սահմանում է.
«1. «Քննիչ հանձնաժողովի լիազորությունները ավարտվում են՝
1. Ազգային ժողովի նիստում նրա զեկույցի քննարկումն ավարտվելու պահից,
2. հանձնաժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու դեպքում, եթե մինչ այդ զեկույցը չի ներկայացվել Ազգային ժողովի քննարկմանը»:
Այս դրույթների համաձայն՝ հանձնաժողովի գործունեությունը դադարել է դեռ 2023 թվականի մայիսի 3-ին, եւ դրանից հետո ներկայացված ցանկացած փաստաթուղթ իրավական ուժ չունի։
Այսպիսով, փաստ է, որ պատերազմի հանգամանքները ուսումնասիրելու համար ստեղծված քննիչ հանձնաժողովը ոչ միայն չի կատարել իր հիմնական առաքելությունը սահմանված ժամկետներում, այլեւ խախտել է ԱԺ կանոնակարգի հստակ դրույթները։ Անդրանիկ Քոչարյանի պահվածքը վերածվել է ոչ թե հաշվետվության, այլ գաղտնի փաստաթուղթ պահելու փորձի, ինչը խորհրդարանական վերահսկողության մեխանիզմին տալիս է կեղծ բնույթ։ Նա հիմա փորձում է անգամ շանտաժով հասնել ԱԺ-ում դրա ներկայացմանը, բայց իրավունք չունի, քանի որ խախտել է ԱԺ կանոնակարգը, սակայն փորձում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցնել տեղեկություններ, թե իր համար նախընտրական կարեւորագույն զենքը՝ հանձնաժողովի զեկույցը, Ալեն Սմոնյանն արգելում է հրապարակել: Բայց այստեղ էլ Անդրանիկ Քոչարյանը ազնիվ չէ, քանի որ զեկույցը քննարկվելու է դռնփակ նիստում, որովհետեւ պարունակում է գաղտնիքներ, եւ հանրությունն այդպես էլ անտեղյակ կմնա բոլոր դեպքերում»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի կաթնամթերքի շուկան, կարծես, հայտնվել է խոցելի վիճակում։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական հարցումների հիման վրա պարզեց՝ Իրանից զանգվածաբար ներմուծվում է ծագումով անհասկանալի սերուցք, որը, ըստ ոլորտի մասնագետների, առանց պատշաճ վերահսկողության դառնում է տարբեր կաթնամթերքի հիմք՝ կարագից մինչեւ պաղպաղակ` «տեղական արտադրության» պիտակով։
«Ժողովուրդ» օրաթերթին ՊԵԿ-ից պաշտոնապես հայտնեցին, որ ներմուծումները կատարել են մի շարք ընկերություններ, որոնց թվում են.
– «Պրոգրես Ս.Ս» ՍՊԸ-ն
– «ՄԻԼԼԿԱԹ» ՍՊԸ-ն
– «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն
– «Ստեպպրոգրես» ՍՊԸ-ն
– «Թամարա» ՍՊԸ-ն
– «Միլք ափ պլյուս» ՍՊԸ-ն
– «Խաք» ՍՊԸ-ն
– «ԱԱ ՏՐԱՆԶԻՏ» ՍՊԸ-ն
Որպեսզի հնարավոր լինի պատկերացնել, թե ինչ ծավալների մասին է խոսքը, ապա, կրկին պաշտոնական տվյալների հղումով, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացնում է, որ 2024 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2025 թվականի օգոստոսի 1-ը Իրանից ՀՀ ներմուծվել է շուրջ 1472 տոննա սերուցք։ Ընդհանուր ներմուծման արժեքը գերազանցել է մոտ 1.5 միլիարդ դրամը։ Իսկ 2025-ին 823.5 տոննա սերուցք` ընդհանուր 1,68 մլրդ դրամ արժեքով: Սակայն սրանք դեռ 7 ամսվա տվյալներն են. 2025 թվականը դեռ շարունակվում է:

Այսինքն` ահռելի քանակությամբ սերուցք է մտնում Հայաստան: «Ժողովուրդ» օրաթերթը https://armlur.am/1498783/ դեռ օգոստոսին հրապարակել էր, որ տեղական արտադրության անվան տակ շուկա է մտնում պարսկական սերուցքային հիմքով պատրաստված կարագ կամ կաթնային այլ արտադրանք, որի մի մասը մնում է այստեղ ու, ամենայն հավանականությամբ, հասնում է սպառողի սեղանին կաթի, թթվասերի, կաթնաշոռի, կարագի կամ այլ արտադրանքի տեսքով։ Պնդել, որ Իրանից ներմուծվող կաթի սերուցքը վտանգում է սպառողների առողջությունը, դեռ վաղաժամ է, սակայն բաց աղբյուրների որոշակի վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ խնդիր, ամեն դեպքում, կա։
Մասնավորապես՝ ՌԴ-ի համապատասխան մարմինները մի քանի անգամ խոսել են խնդրի մասին, նույնիսկ պահանջել, որ Իրանում արտադրվող կաթնամթերքի գործարաններում տեղադրվեն տեսախցիկներ, որպեսզի ռուսական կողմը կարողանա հսկել ապրանքի արտադրության ընթացքը։ Ակնհայտ է, որ խնդիր նկատվել է ռուս մասնագետների կողմից, ու ըստ որոշ տեղեկությունների՝ հայկական կաթնամթերքի որոշակի խմբաքանակների մուտքը ՌԴ եւս արգելվել է «պարսկական սերուցքի» պատճառով։
Հ. Գ. Հայկական բեռնափոխադրող ընկերությունները հենց սրա համար են հաճախ խնդիրներ ունենում ՌԴ-ում, քանի որ ՌԴ-ն արգելել է այդ սերուցքի հիմքով արտադրության ներմուծումը իրենց երկիր»։