ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են համագործակցության հարցեր
ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ գլոբալ հաղորդակցությունների հարցերով տեղակալ Մելիսա Ֆլեմինգի հետ:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ներկայիս զգայուն աշխարհաքաղաքական միջավայրում ապատեղեկատվության և ատելության խոսքի կտրուկ աճի և դրանց տարածման նոր ու բազմազան ուղիների առնչությամբ: ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է միջազգային հանրության, մասնավորապես՝ ՄԱԿ-ի և ՄԱԿ մասնագիտացված կառույցների աջակցությունը՝ ուղղված թվային դիմադրողականության, մեդիագրագիտության և թվային պատասխանատվության ուղղությամբ համագործակցության խթանմանը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել կարողությունների զարգացման ոլորտում համագործակցության ընդլայնման հեռնկարներին: Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ներգրավվելու ժամանակակից տեղեկատվատական տեխնոլոգիաների և հանրային հաղորդակցության ոլորտներում փոխգործակցության խթանմանը և փորձի փոխանակմանն ուղղված նախաձեռնություններին: