Կառավարությունը պարտավոր է պատասխանել ՄԻԵԴ–ին՝ Սամվելյանի կալանքի պայմանների հետ կապված
2025 թվականի սեպտեմբերի 1-ին, ուշ երեկոյան Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացել եմ ծանուցում (Application no 26507/25, Samvelyan v. Armenia) առ այն, որ ՀՀ կառավարությունը իրազեկվել և կոմունիկացվել է իմ պաշտպանյալ Ստեփան Սամվելյանի կալանքի պայմանների վերաբերյալ հարցերով։ ՀՀ կառավարությունը պարտավոր է այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնել մինչև սույն թվականի սեպտեմբերի 5-ը։ Այս մասին հայտնել է Սամվելյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Վերջին երկու ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանը Եվրոպական դատարանի կողմից հրատապ բողոքի ընթացակարգով ուղղված սա երկրորդ սահմռկեցուցիչ դեպքն է: Հիշեցնեմ առաջինը վերաբերում էր Լիանա Հարությունյանի 8 ամսական երեխային:
Վերոնշյալ խոշտանգման և անմարդկային վերաբերմունքի դրսևորման վերաբերյալ դեպքերը արձանագրում են գործող իշխանության կողմից երկու հարևան թուրքական պետությունների փորձին հետևելու անվերապահ կամքի դրսևորումը:Խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի դրսևորումների փաստերով Թուրքիան և Ադրբեջանը ամենահայտնին են Եվրոպայի խորհրդի անդամ երկրներից: Փաստացի մեր երկրում գործող վարչախումբը հատուկ ջանքեր է գործադրում, որպեսզի հետ չմնա թուրք գործընկերներից:
Գործող իշխանությունը տարված լինելով թուրքական գործընկերությամբ չի գիտակցում պատասխանատվությունն իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ:
Շուտով Ստեփան Սամվելյանն ազատ կարձակվի, իսկ նրա նկատմամբ ապօրինություններ գործած անձինք կկալանավորվեն և կդատապարտվեն երկար տարիների ազատազրկման:
Ժամը և պահը վաղուց հասունացել է»։