27.08.2025
Ադրբեջանը, Թուրքիայի անմիջական աջակցությամբ, շարունակում է ուժեղացնել իր ռազմական ներուժը
prev Նախորդ նորություն

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերանորոգման շուրջ աղմուկից շահում է միայն կառավարող ուժը

Ծիծեռնակաբերդի ցեղասպանության զոհերի հուշարձանի նորոգման հետ կապված աղմուկը բացարձակապես կեղծ է ու արհեստական: Եվ իր կեղծ ու արհեստական բնույթով այն բացառապես իշխանության օգտին է:


Ես չեմ հետեւել, թե որն է եղել աղմուկի այսպես ասած առաջնային աղբյուրը: Բայց, կարծում եմ, որ աղմուկից շահել ու շահում է միայն կառավարող ուժը, որի ներկայացուցիչները ստացել են հերթական առիթը ցույց տալու, թե իրենց հանդեպ քննադատությունը անհիմն է:


Որքան շատ են անհիմն քննադատության առիթները, այդքան ավելի նպաստավոր է քարոզչական ֆոնը կառավարող ուժի համար: Այն դեպքում, երբ այդ ուժի գործունեությունը տվել ու տալիս է հիմնավոր ու փաստարկված ընդդիմախոսության ներքին ու արտաքին բազմաթիվ առիթներ:


Կա՞ ինչ որ «հետին միտք» հուշարձանի նորոգման գործընթացում: Ես չգիտեմ: Համենայն դեպս իրավիճակը այսօր այնպիսին է, որ չկա այդպիսի «հետին մտքի» վերաբերյալ որեւէ դիտարկման կամ վարկածային մեկնաբանության առիթ կամ նախադրյալ: Հուշարձան է, նորոգվում է, ինչպես կարող է նորոգվել ցանկացած հուշարձան:


Ավելին, գուցե այդ նորոգումը չի ուղեկցվել պատշաճ ինֆորմացիոն նախաբանով, հենց այն հաշվարկով, որ հաստատ կառաջանա արհեստածին աղմուկ եւ այդ աղմուկը կծառայի հենց կառավարող ուժին: Եթե նորոգումը ուղեկցվեր պատշաճ ինֆորացիոն պարզաբանումով, նախաբանով, ապա չէր լինի արհեստական աղմուկի պատճառ, եւ ուրեմն՝ չէր լինի այդ աղմուկի արհեստականությունից բխող ինֆորմացիոն քարոզչական ֆոնային էֆեկտը կառավարող ուժի համար:


Վերլուծաբան Հակոբ Բադալյան