Մենք այցելել ենք զինվորական հոսպիտալ: Ես հիմա հրապարակային դրա վերաբերյալ չխոսեմ, մի քանի ամփոփումներ անելուց հետո հրապարակային հանդես կգանք: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով 18-ամյա Ավետիք Մաթևոսյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացմանը՝ զորակոչվելուց ընդամենը մեկ օր անց:
Հարցին, թե ինչպես է առողջական խնդիրներ ունեցող տղան զորակոչվել բանակ, ՄԻՊ-ը պատասխանել է՝
«Այս խնդիրների վերաբերյալ, իհարկե, ոչ անուն-ազգանուններ ներկայացնելով, պարբերաբար հրապարակային փորձում ենք նաև ընդհանուր խնդիրները ներկայացնել: Ուզում եմ հատուկ շեշտել, որ այս պահին օրենսդրությունը սահմանում է, թե որ դեպքերում են, օրինակ, ազատվում զինծառայությունից, որ դեպքերում են ճանաչվում սահմանափակումով պիտանի»:
Մանասյանի խոսքով, իրենք պարբերաբար կարծիքներ են ներկայացնում իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ՝ առաջարկելով բարեփոխումներ։
«Այս պահի օրենսդրությունն է այդպիսին, սրա վերաբերյալ ես ինքս պարբերաբար տեսակետ ներկայացրել եմ, որ ամեն դեպքում սա լրացուցիչ խնդիրներ է առաջացնում ոչ միայն մեր բոլորի համար, ոչ միայն քաղաքացիների, այլ հենց զինված ուժերում ծառայության տեսանկյունից», - մանրամասնել է ՄԻՊ-ը:
Ինչ վերաբերում է ՄԻՊ-ի իրավասություններին՝ իրավախախտումների դեպքում, պաշտպանը պարզաբանել է, որ այն տեղեկությունները, որոնք դառնում են հասանելի և գտնում են, որ որևէ իրավասու պետական մարմնի տեսանկյունից դա կարող է կարևոր լինել՝ անկախ խախտման վերաբերյալ որոշում կայացնել-չկայացնելուց, պարտադիր փոխանցում են, շատ դեպքերում նաև հրապարակային հանդես են գալիս:
«Իրավասու մարմիններն էլ պետք է քայլեր ձեռնարկեն, այս հարցի վերաբերյալ կարծում եմ մի քանի ամփոփումներ անելուց հետո հնարավորություն ունենանք շատ ավելի մանրամասն խոսելու», - եզրափակել է Մանասյանը։