1.08.2025
Ֆոտո․ am.sputniknews.ru
prev Նախորդ նորություն

Կառավարությունը որոշեց. տաքսու վարորդներին կներվի 1.3 մլրդ դրամ պետական տուրք և տույժ

Լուսանկարը` Sputnik
Լուսանկարը` Sputnik

Հուլիսի 31-ին Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց համաներում կիրառել այն անհատ տաքսու վարորդների նկատմամբ, ովքեր 2015–2019 թթ․ ընթացքում պարտավոր էին լիցենզավորվել և վճարել պետական տուրք, սակայն այդ պարտավորությունները չկատարել են։


Խոսքը վերաբերում է ֆիզիկական անձանց, ովքեր մեկ մարդատար ավտոմեքենայով ուղևորափոխադրումներ են իրականացրել և այդ գործունեության համար ենթակա են եղել լիցենզավորման՝ ըստ տվյալ ժամանակահատվածում գործող «Պետական տուրքի մասին» օրենքի։ Չնայած այն հանգամանքին, որ այդ իրավակարգավորումը հետագայում ուժը կորցրել է, գործունեությունը շարունակում էր համարվել լիցենզավորման ենթակա, և վարորդների մի մասի մոտ կուտակվել էին պարտավորություններ։


Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ այդ տարիներին լիցենզիա ստացել է մոտ 11 հազար անհատ վարորդ, որոնցից ավելի քան 5 հազարը չեն կատարել պետական տուրքի վճարման պարտավորությունները։ Ընդհանուր պարտքի չափը գերազանցում է 1.3 միլիարդ դրամը, որից մոտ 927 միլիոնը՝ տուրքն է, իսկ շուրջ 415 միլիոնը՝ տույժերն ու տուգանքները։


2024 թ․ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել նոր կարգավորում, ըստ որի՝ ուղևորափոխադրումների ոլորտը կարգավորվում է էլեկտրոնային հարթակների միջոցով։ ՊԵԿ-ի տվյալներով՝ մարդատար տաքսի ավտոմոբիլներով ծառայությունների ավելի քան 90 տոկոսը իրականացվում է ուղևորափոխադրումների պատվերներ ընդունող ու փոխանցող հարթակների միջոցով։ Միայն 2024-ի սեպտեմբերից մինչև 2025-ի վերջը այդ հարթակներում գրանցված մոտ 60–65 հազար ֆիզիկական անձանցից պետական բյուջե է փոխանցվել 330 միլիոն դրամ տուրք։


Փաստորեն, տաքսու վարորդների ճնշող մեծամասնությունը ներգրավված է թվային հարթակներում, իսկ դրանցից դուրս ծառայություն մատուցող վարորդները՝ պատվերների բացակայության պատճառով, պարբերաբար վերադառնում են հարթակներ։ Այսպիսով՝ ըստ կառավարության՝ բոլոր վարորդներն անխուսափելիորեն կատարում են հարկային պարտավորությունները։ Նախատեսվում է, որ մինչև 2026 թ․ հունվարի 1-ը պետական տուրքի չափը կկազմի յուրաքանչյուր ուղևորափոխադրման ընդհանուր արժեքի մինչև 5 տոկոսը։


Հաշվի առնելով ոլորտում կատարված կառուցվածքային փոփոխությունները՝ կառավարությունը որոշեց համաներում իրականացնել հին լիցենզիաների մասով՝ ընդգծելով, որ նշված պարտքերն անգամ ներառված չեն եղել պետբյուջեի ակնկալվող մուտքերում։ 

Հայաստանը երբեք չի քննարկելու տարբերակներ, որոնք անհամատեղելի են ՀՀ ինքնիշխանության հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան