Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կհանգրվանի Մատենադարանում
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի համանախագահությամբ ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպված Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորման և երկու պետություն սկզբունքի իրագործման հարցով միջազգային բարձրաստիճան համաժողովին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում նշել է.
«…Հայաստանը համոզված է, որ միայն երկու անկախ հարևան պետությունների գոյությունն է, որ կարող է երաշխավորել երկարատև կայունություն, անվտանգություն, խաղաղություն և բարօրություն ինչպես Պաղեստինի, այնպես էլ Իսրայելի ժողովուրդների համար, որտեղ բոլորը վայելում են խաղաղ համակեցության բարիքները։ Առաջնորդվելով այս գաղափարով և լինելով երկու պետություն սկզբունքի հետևողական աջակից՝ Հայաստանը 2024 թվականի հունիսին ճանաչել է Պաղեստինի Պետությունը, իսկ այնուհետև՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում, դիվանագիտական հարաբերություններ հաստատել նրա հետ։
Այս համատեքստում Հայաստանը ողջունում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Պաղեստինի Պետության ճանաչման և Միացյալ Թագավորության՝ այն ճանաչելու մտադրության վերաբերյալ վերջին հայտարարությունները: Առանձնահատուկ հպարտ ենք, որ Ֆրանսիայի և Պաղեստինի արտաքին գործերի նախարարները հնարավորություն ունեցան հանդիպելու Հայաստանում՝ «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական համաժողովի շրջանակում՝ ճանապարհ հարթելով այս պատմական իրադարձության համար:
Հիմնվելով մեր սեփական փորձի վրա՝ Հայաստանը քաջատեղյակ է, թե ինչ է պատերազմական սարսափը։ Չնայած սահմանափակ ռեսուրսներին՝ մենք մշտապես ջանքեր ենք գործադրել Պաղեստինի ժողովրդի կարիքներին աջակցելու հարցում։ Հայաստանի վարչապետի և Եգիպտոսի նախագահի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա մենք մարդասիրական օգնություն ենք ուղարկել Գազա և մենք սատարում ենք ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (ՄԱՕԱԳ) գործունեությանը: Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ թույլ տվեք նաև հայտարարել, որ համաձայնության ենք եկել Պաղեստինի հետ, ըստ որի՝ Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կհանգրվանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանում:
Հայաստանը նաև ընդգծում է երկու պետություններում քրիստոնեական համայնքների ապահովության, անվտանգության և ամբողջական իրավունքների պաշտպանության կարևորությունը: Լինելով աշխարհի հնագույն քրիստոնեական ազգերից մեկը՝ մենք հատուկ կարևորություն են տալիս Սուրբ հողում քրիստոնեական ժառանգության պահպանությանը: Հայաստանը լիահույս է, որ Երուսաղեմի սրբավայրերի կառավարման պատմական ստատուս քվոն կպահպանվի և լիովին կհարգվի՝ որպես միջկրոնական համերաշխության և խաղաղ համակեցության անկյունաքար։»