«Մանչս, մեր էրգիրը սուրբ էր, ուր ամեն մի քար ու թփեն խունկի հոտ կուգար։ Ու մենք թողինք մըր խնկահոտ էրգիր ու փախանք… շուն թուրքին թողինք ու փախանք… հիմա մեր էգրեն շան հոտ կուգա։ Թե կուզենք, որ մըր էրգրեն նորեն խնկի հոտ գա, ամեն հայի քթի մեջ պիտի վառոդի հոտ լինի»։
Սրանք մեծ հայ Գագիկ Գինոսյանի պապի դատավճիռ-պատգամ խոսքերն են` ուղղված իր թոռանը: Այս խոսքերն իրենց բովանդակային իմաստով վեր են ցանկացած հոդվածից, մանիֆեստից, տեսությունից։ Այս մի քանի տողով ամփոփված է այն ամենն, ինչ մենք պիտի ազդարարենք որպես ազգային գաղափարախոսություն։
Այո՛, հայրենիքը տարածք չէ միայն. այն սրբազան արժեքների հողն է, ուր խունկը՝ որպես խորհրդանիշ, նշանակում է ոչ թե միայն կրոնական ծիսակարգ, այլ՝ հոգևոր «տարածքաքաղաքական» ներկայություն։ Երբ այդ հողից խունկի հոտ չի գալիս այլևս, երբ այն ապրում է օտարի սանձով, նշանակում է՝ մեր ազգային կյանքի զգայարանները կաթվածահար են, և մենք հեռացել ենք մեր ինքնությունից (ժամանակավորապես, թէ` ընմիշտ` մեր որոշելիքն է) ։
Սա հիշեցում է մեզ բոլորիս, որ մենք պարտավոր ենք անմոռանալի և սուրբ համարել ոչ միայն անցյալը, այլ նաև հետագա ազատագրության ոգին, որ պետք է բոցավառվի ոչ թե ատելությամբ, այլ արժանապատիվ մարտունակությամբ:
Մեր խնկահոտ հայրենիքը հնարավոր է միայն այն դեպքում, երբ ամեն մի հայի քթի մեջ վառոդի հոտ կա՝ համառության, տոկունության, պայքարելու պատրաստակամության հոտ։ Ոչ թե պատերազմի մոլուցքի, այլ՝ անզիջում կամքի։ Ոչ թե արյունահեղության տենչի, այլ՝ արմատից չկտրվելու, դիմադրելու, պետականության, ինքնության ու սրբավայրերի կողքին կանգնելու վճռի։
Այս խոսքերը մեր քաղաքական, հանրային և ազգային-ազատագրական պայքարի հիմքն են։ Սա է մեր ազգային ծրագիրը։ Սա է մեր ճանապարհը՝ խունկի հոտից վառոդի հոտով դեպի խունկի հոտի վերածնունդ։
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյան