Սեփականազրկման կամայական դրսևորում․ Արա Աբրահամյանը բողոքարկելու է դատական ակտը
ֆոտո․ freevardanyan.com
Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար, «Սոգլասիե-Արմենիա» ՓԲԸ հիմնադիր Արա Աբրահամյանի պաշտպանական թիմը բողոքարկելու է Հակակոռուպցիոն դատարանի որոշումը՝ Հյուսիսային պողոտայի 2859.4 քմ մակերեսով հողատարածքը Երևանին վերադարձնելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Սոգլասիե-Արմենիա» ՓԲԸ մամուլի ծառայությունը։
Հուլիսի 28-ին հայտնի դարձավ, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը հուլիսի 25–ի նիստում որոշել է Հյուսիսային պողոտայի օտարման գոտում գտնվող հողամասի կառուցապատման համար տրամադրված 2859.4 քմ մակերեսով հողամասը, որը «Սոգլասիե Արմենիա» ՓԲԸ–ի սեփականությունն էր, վերադարձնել Երևան համայնքին:
Բացի այդ, ՀՀ հակակոռուպցիոն դատարանը հուլիսի 31–ի նիստի ժամանակ քննելու է ՀՀ գլխավոր դատախազության մեկ այլ հայց ընդդեմ «Սոգլասիե–Արմենիա» ՓԲԸ–ի՝ անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին։ Խոսքը Երևանի կենտրոնում գտնվող «Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի հողամասի մասին է, որն ըստ դատախազության` մասնավորեցվել է օրենքի խախտմամբ:
«Սոգլասիե-Արմենիա» ՓԲԸ տարածած հաղորդագրության մեծ նշվում է, որ ակնհայտորեն դատական ակտը պայմանավորված է Արա Աբրահամյանի գործունեությամբ: Ընդգծվում է, որ ընկերության կողմից նշված տարածքում կատարվել և կատարվում են անհրաժեշտ շինարարական աշխատանքները։ Պնդում են, որ աշխատանքների ձգձգման, դժվարությունների և խոչընդոտների հասցեատերերը վարչական մարմիններն են, իսկ «Սոգլասիե-Արմենիա» ՓԲԸ-ն օտարերկրյա ներդրող է:
«Ցավոք, Հակակոռուպցիոն դատարանն այս գործով անտեսել է նշված օբյեկտիվ տվյալներն ամբողջությամբ և նախապատվություն է տվել առանց անհրաժեշտ իրավական հիմքերի՝ սեփականազրկման կամայական դրսևորմանը: Ուշագրավ է, որ դատարանի կողմից առաջ քաշված պատճառաբանությունները ոչ միայն չեն համապատասխանում Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումների, Վճռաբեկ դատարանի պահանջներին, այլև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով ամրագրված պահանջներին»,- նշված է հայտարարության մեջ:
«Սոգլասիե-Արմենիան» նկատում է՝ նմանատիպ մեկ այլ գործով Հակակոռուպցիոն դատարանի նույն դատավորը մերժել էր Գլխավոր դատախազության հայցը հարակից հասցեում գտնվող մեկ այլ տարածքի վերաբերյալ, որի սեփականատերն այս դեպքում իշխանամերձ ընկերություն է: