Ալիևը խոստովանում է՝ միջազգային գործընկերներին ստելը երբեմն անհրաժեշտ է
Ադրբեջանցի պաշտոնյաների՝ արտաքին լսարաններին տված հարցազրույցները վերլուծելիս միշտ պետք է հիշել մի կարևոր փաստ՝ Բաքուն վարվում է այնպես, ինչպես Ալիևը խոսում է ներքին լսարանի համար, ընդ որում՝ վերջերս նա ուղիղ դա խոստովանեց իր ելույթում։
Հուլիսի 19-ին օկուպացված Ստեփանակերտից հնչեցրած իր ելույթում Ալիևը բառացի ասել է․ «Ես մի անգամ փակ դռների հետևում հանդիպման ժամանակ, որը տեղի էր ունենում 2020-ից հետո, բայց մինչև 2023 թվականը, երբ քննարկվում էր իրավիճակը և երբ դեռևս այստեղ՝ Խանքենդիում, կային անջատողականներ, այդ երկար զրույցի ընթացքում ասացի մի բան, որը ես նաև հրապարակայնորեն էի ասել։ Եվ երբ իմ եվրոպացի գործընկերը պատասխանեց՝ «բա հետո՞ ինչ», ես ասացի՝ ես երբեք չեմ ստում իմ ժողովրդին։ Ահա թե ինչ եմ ասել։ Եվ սա իրականում ճիշտ է։ Իսկ հիմա՝ որպես ձեր հարցին պատասխանելու նախաբան, կասեմ, որ ես փորձում եմ երբեք չստել նաև իմ միջազգային գործընկերներին։ Իհարկե, եթե դա հնարավոր է․․․»։
Իրականում ադրբեջանական կողմը որպես կանոն ստում է միջազգային գործընկերներին, նրանք իմիտացրել են Լեռնային Ղարաբաղի ողջ բանակցային գործընթացը, շարունակ փախել խաղաղ կարգավորման ամենամոտ թվացող լուծումներից, հետո՝ միջազգային՝ իրենց համար բարենպաստ իրավիճակում գնացել պատերազմի։ Հենց «Եվրոնյուսին» տված հարցազրույցում Ալիևն ուղիղ տեքստով խոստովանել էր, որ պատերազմը եղել է իր կյանքի առաքելությունը։ Դրանից ուղիղ էլ ինչպե՞ս ասի։
Այնպես որ ամենից ուշադիր պետք է հետևել նրան, թե ինչ է Ալիևն ասում ներքին սպառման համար, դա հենց իր քաղաքականության ամենահստակ ու ուղիղ ցուցիչն է, մնացածը ՀՀ ԱԳՆ սիրած տերմինով ասեմ՝ ծխածածկույթ է, ուրիշ ոչինչ։
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան