Սամվել Կարապետյանի պաշտպանները պահանջում են կալանքի վերացում՝ անվանելով գործը աբսուրդային
Լուսանկարը` Yerevan today
Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը դիմել է Գլխավոր դատախազություն՝ պնդելով, որ նրա նկատմամբ կիրառված կալանքը հակաօրինական է, իսկ քրեական գործը՝ անհիմն։
Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը գրություններ է հղել ՀՀ գլխավոր դատախազին և դատախազությանը՝ պահանջելով վերացնել գործարարի նկատմամբ կիրառված կալանավորումը։ Պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանի խոսքով՝ քրեական գործը չի դիմանում որևէ իրավական քննության, և կալանքը պետք է անհապաղ վերացվի։
Վարդևանյանն ընդգծել է, որ նախորդ շաբաթ պաշտպանական կողմի նախաձեռնությամբ իրականացվել են մի շարք վարույթային գործողություններ, որոնց արդյունքները, ըստ նրա, հստակ ապացուցում են՝ շարունակել այս գործը իրավական առումով անհնար է։
Նա նաև անդրադարձել է վերջին օրերին որոշ շրջանակների կողմից «ձև չունեք» արտահայտության տարածմանը՝ նշելով, որ իրավական գնահատմամբ, այդպիսի արտահայտություններն էլ կարող են դիտարկվել Քրեական օրենսգրքի տեսանկյունից՝ որպես իշխանությունը պահելու կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու կոչեր։
Վարդևանյանն ընդգծել է խոսքի ազատության կիրառման ակնհայտ տարբերակված մոտեցումները՝ նկատելով, որ Մայր Աթոռը պաշտպանելու կոչերն ընկալվում են մի ձևով, իսկ Արբիտրաժի որոշումից խուսափելու փորձերը՝ այլ։