Գյումրու բյուջեն աճել է․ քաղաքապետարանը նախատեսում է մասշտաբային շինարարություն
Լուսանկարը` radar.am
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ամփոփելով իր պաշտոնավարման առաջին 100 օրը, ներկայացրել է բյուջեի աճն ու սպասվող ծրագրերը, ընդգծելով՝ ժամանակն է լուծել տարիներով կուտակված խնդիրները։
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մամուլի ասուլիսում ներկայացրել է քաղաքային իշխանության 100 օրվա արդյունքները՝ հայտնելով, որ 2025 թվականի բյուջեն կհասնի 7 միլիարդ 858 միլիոն դրամի, ինչը 1 միլիարդ 22 միլիոն դրամով գերազանցում է 2024 թվականի բյուջեն։ Նրա խոսքով, այս թիվը կարող է հասնել մինչև 1.5 միլիարդի՝ պայմանավորված կուտակված ապառքներով։
Ղուկասյանը նշել է, որ կառավարությանը և Շիրակի մարզպետարանին ներկայացվել է առաջարկ՝ սուբվենցիոն կարգում փոփոխություն կատարելու և Գյումրիում սոցիալական նշանակության բազմաբնակարան շենքերի կառուցումը համամասնորեն ներառելու վերաբերյալ։ Նա հիշեցրել է, որ շուրջ 13 տարի քաղաքում ոչ մի բազմաբնակարան շենք չի կառուցվել, մինչդեռ կան ընտանիքներ, որոնք արդեն 37 տարի ապրում են տնակներում։ Քաղաքապետարանը նպատակ ունի այդ ընտանիքների համար նոր բնակելի ֆոնդ կառուցել։
Մոտ ապագայում նախատեսվում է Գյումրիի երիտասարդական պալատի և Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի վերանորոգում, Շահումյան փողոցում գտնվող մարմնամարզական դպրոցների արդիականացում, 18 փողոցների նախագծում և 20 փողոցների հիմնանորոգում, ինչպես նաև կոմունալ տեխնիկայի ձեռքբերում։
Քաղաքապետը խոսել է նաև ապօրինի շինությունների խնդրի մասին՝ նշելով, որ Գյումրիում դրանք ավելի քան 5000-ն են և հիմնականում առաջացել են երկրաշարժից հետո։ Մինչև այժմ այդ տարածքների օրինականացման հարցը լուծված չէ, և քաղաքապետարանը դիմել է կառավարությանն՝ դրանց օրինականացման նոր ժամանակահատված սահմանելու առաջարկով։
Ղուկասյանը նշել է նաև, որ «Լևոն Իշտոյանի անվան ֆուտբոլային դպրոցը», որն իր օրոք կառուցվել և փոխանցվել է «Շիրակ» թիմին, այժմ գտնվում է անմխիթար վիճակում։ Մշակվում են դրա վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթեր։