«Ալեն Մարգարյան» բարեգործական ՀԿ-ն հիմնվել է ի հիշատակ Նազելի Տերտերյանի որդու՝ Արցախի հերոս, «Ոսկե Արծիվ» շքանշանակիր Ալեն Մարգարյանի: Այն գործում է արդեն 4 տարի և հարյուրավոր ծրագրեր կյանքի կոչում։ Ուսումնատենչ ու շնորհալի երիտասարդները գտնվում են բարեգործական ՀԿ-ի ուշադրության կենտրոնում և նրանցից շատերը «Ալենյան» կրթաթոշակների շահառու են։ ՀԿ-ի մշտական ուշադրության կենտրոնում են նաև հաշմանդամություն և հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաներն ու նրանց ընտանիքի անդամները։
Նազելի Տերտերյանի խոսքով՝ նոր նախագիծ են պատրաստում՝ սառցե շոու.
"Սառցե շոուի ձևաչափը պատահական չէ ընտրված։ Ես մանկուց սիրահարված եմ գեղասահքին, կասեմ ավելին՝ գեղասահքով զբաղվելը իմ չիրականացած երազանքներից է: Եվ ներկայացավ իմ երազանքն ու Ալենի ստեղծագործությունը միավորելու հիանալ առիթ: Հատկանշական է այն, որ մինչ այս հայ հանդիսատեսի դատին են հանձնվել սառցե ամանորյա շոուներ, որոնց հիմքում եղել են այլազգի ստեղծագործողների աշխատանքներ, իսկ այս շոուով, հայ մշակույթի մեջ առաջին անգամ հայ հեղինակի ամանորյա պատմությունը կվերածվի սառույցի վրա մի գունեղ և չքնաղ ներկայացման: Կարծում եմ, դա ուղղակի հրաշալի է։ Ուզում եմ տեղեկացնել նաև, որ համանուն հեքիաթի մոտիվներով նկարահանվում է մուլտֆիլմ՝ Սոյուզմուլտֆիլմի կողմից, և չի բացառվում, որ առաջիկա տարիներին Ալենի հեքիաթներից շատերը դառնան գեղեցիկ ներկայացումներ կամ մյուզիքլներ",- ասում է նա:
Շոուն ստեղծվել է Ալեն Մարգարյանի հեքիաթի հիման վրա: Մոր խոսքով՝ Ալենի հեքիաթները պարունակում են սեր, լույս, ջերմություն ու բարություն, փոխանցում են մարդասիրություն, իմաստություն, հավատ, կյանքից դասեր քաղելու ունակություն, դրանք սովորեցնում են կարեկցել, հոգ տանել, տեսնել գեղեցիկը ամենուր։ Ալենի հեքիաթները նրա մասին են, որ հրաշքները միշտ շուրջդ են, հատկապես Ամանորի հեքիաթային գիշերը, գլխավորն այն է, որ Սրտից մշտապես ճառագեն Բարություն, Ջերմություն և Ներում:
"Այս նոր հեքիաթային արկածում Ամանորից ընդամենը մի քանի ժամ առաջ փերիներն ու խաղալիք-կենդանիները փորձում են իրենց բարության ու սիրո շնորհիվ վերադարձնել չար վհուկի կողմից խաթարված կախարդանքը։ Բոլոր հերոսների և Ձմեռ պապի համար գլխավորն այն է, որ ոչ մի մութ ուժ ի վիճակի չէ չեղարկել, խափանել կամ ոչնչացնել Ամանորի գիշերվա դյութանքն ու գեղեցկությունը: Ոչ ոք չի կարող խոչընդոտ լինել կախարդական պարահանդեսը փերիների, հրեշտակների, տոնածառի խաղալիքների, Ձմեռ պապի և Ձյունանուշի հետ անցկացնելուն: Մանկուց մեզ ծանոթ հերոսներ ու նոր կերպարներ, բոլորի կողմից սիրված ամանորյա երաժշտություն, վարպետորեն կատարվող պարային համարներ, յուրօրինակ դեկորացիաներ և բեմական էֆեկտներ՝ այս ամենը հիասքանչ սառցե ներկայացման մեջ":