ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանին և պաշտպանության հարցերով կցորդին
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 11-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին ու պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Մեթյու Քրոուին։
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Սուրեն Պապիկյանը շնորհավորել է գնդապետ Մեթյու Քրոուին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն:Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Համագործակցության ներկայիս մակարդակը երկուստեք գնահատվել է բարձր:
Ամերիկյան կողմն իր պատրաստակամությունն է հայտնել՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին: Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։