Հայ պատգամավորները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել
Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը եւ Գեղամ Նազարյանը մի շարք հանդիպումներ են ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում:
Պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քերոլ Միլլերին, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ Քիմ Յանգին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ռոբերտ Ադերհոլթին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Դելիա Ռամիրեզին:
Հանդիպումների ընթացքում ընդգծվել է Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ այս տարվա հունվարին ստորագրված բազմաոլորտ ռազմավարական գործընկերության կարեւորությունը, ինչպես նաեւ միջխորհրդարանական ակտիվ կապերի շարունակական զարգացման եւ խորացման անհրաժեշտությունը:
Ազգային ժողովի պատգամավորները կոնգրեսականներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մանրամասները եւ Հայաստանի պատրաստակամությունն օր առաջ ստորագրելու խաղաղության համաձայնագիրը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տրանսպորտային եւ տնտեսական ուղիների ապաշրջափակման հնարավորություններին, Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Երկուստեք կարեւորվել է Հարավային Կովկասում կայուն եւ երկարատեւ խաղաղության հաստատման անհրաժեշտությունը: