«Ծառուկյան» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր նախընտրական հանդիպումներ ունեցավ Հրազդանում և հարազատ Աբովյանում: Նա կոտայքցիներին ներկայացրեց ոչ միայն իր ծրագրի հիմնական 15 հիմնադրույթենրը, այլև միջացգային գործընկերներին, որ այս օրերին ժամանել են Հայաստան ու մտադիր են աջակցություն ցուցաբերել Ծառուկյանի` երկրի ու տնտեսության առողջացման ծրագրին:
«Երկրում ներդրումների անհրաժեշտությունն ահռելի է, դրանց միջոցով կարելի է մթնոլորտ փոխել ու տնտեսական աճ ապահովել: Բանկային համակարգը պետք է հիմնովին փոխվի, որպեսզի մարդիկ մի քիչ թեթևանան ու բացի օրվա հոգսերը, նաև ապագայի հետ կապված ծրագրեր գծեն: Մարդիկ այսօր ապրում են օրվա խնդրով, աղոթելով, որ երեխաները սոված չքնեն, որովհետև երկիրը ուրիշ բան նրանց չի տալիս: Մենք խոստանում ենք պայման ու հնարավորություն ստեղծել, որ մարդիկ կարողանան ապրել իրենց հայրենիքում ու չհեռանալ, իսկ հեռացածներն էլ վերադառնան»,- հայտարարեց նա:
Գագիկ Ծառուկյանը հավաստիացրեց, որ եթե երկրում պայմաններ ստեղծվեն, ապա հեռացած մարդիկ կվերադառնան ու հայրենիքում կաշխատեն, ոչ թե "կծաղկեցնեն օտար երկրները": Առաջին իսկ ամսում, ասաց նա, կյանքի կկոչեն իրենց ծրագրի առաջնահերթ 15 կետերը` բանկերի վարկերի նվազում, թոշակների բարձրացում, փոքր ու միջին բիզնեսի հարկերից ազատում 2-3 տարով, արտոնություններ, նոր աշխատատեղերի ստեղծում մարզերում, արագաչափերի ու «կարմիր գծերի» վերացում:
Թե’ Հրազդանում, թե’ Աբովյանում Գագիկ Ծառուկյանին ուղեկցում էին մի խումբ օտարերկրացիներ: Պարզվեց, որ նրա օտարերկրյա գործընկերներն են. ԲՀԿ առաջնորդը հայտարարեց, որ նրանք «Ծառուկյան» դաշինքի միջազգային գործընկերներն են, որոնք ժամանել են տարբեր երկրներից` ԱՄՆ-ից, Չեխիայից, Ֆրանսիայից ու եվրոպական այլ երկրներից, անգամ Ավստրալիայից:
«Նրանք ծանոթացել ու ողջունել են «Ծառուկյան» դաշինքի ծրագիրը ու հայտարարել, որ առանց այդ առողջացման ծրագրի հնարավոր չէ փոփոխություն անել Հայաստանում: Վաղը մեր գործընկերների խումբը կայցելելի հայ-թուրքական սահման, որպեսզի հնարավոր լինի որևէ կերպ աջակցել դրա բացմանը, իսկ հաջորդ այցելության ժամանակ նրանք մտադիր են լինել նաև Լեռնային Ղարաբաղում»,- աբովյանցիներին տեղեկացրեց Ծառուկյանը:
Թե ինչպես են «Ծառուկյան» դաշինքի միջազգային գործընկերներն աջակցելու հայ-թուրքական սահմանի բացմանը, նա չմանրամասնեց:
Նշվեց, որ միջազգային գործընկերների թվում են Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի պատվիրակությունը՝ նախագահ Յան Զահրադիլի և Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկու գլխավորությամբ, ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ, Ավստրալիայից, Չեխիայից և այլ երկրներից գործընկերներ: «Նրանք եկել են ասելու, որ մենք ուժեղ ենք և մենք հաղթելու ենք ու հաղթելուց հետո էլ աջակցելու են մեզ կառուցել բարգավաճ Հայաստան»,- հայտարարվեց հանրահավաքի ժամանակ:
Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով ծրագրային դրույթներին, հայտարարեց, որ եթե ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին «Ծառուկյան» դաշինքը ստանա վստահության 50+1 քվեն, ապա իրենց կողմից ձևավորված կառավարության քայլերից առաջինը լինելու են այնպիսիք, որոնց ազդեցությունը ժողովուրդը իր վրա անմիջապես կզգա:
Թոշակների բարձրացում, առաջիկա հինգ տարիներին մինչև 30 մլն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտների հարկերից ազատում, հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով կուտակված շուրջ 60 մլրդ ՀՀ դրամ տույժերի և տուգանքների մասով կկիրառվի հարկային համաներում: Պետության կողմից կվարկավորվեն և կխրախուսվեն գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող անհատներն ու ընկերությունները, իսկ գյուղատնտեսական վարկերի տոկոսը չի գերազանցի 3-5 %-ի շեմը: Նրա խոսքով` սա ուղղակի բառեր չեն, որ ուղղակի գրվել են, այլ անձամբ իր կողմից առաջարկված լուծումներ, որ կօգնեն թեթևացնել ժողովրդի հոգսը:
«Ամենուր ինձ ասում են` Ծառուկյան ջան, փրկի: Ես պատրաստ եմ, մնում է միայն ճիշտ որոշում կայացնեք»,- հորդորեց նա: