Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությունը կարող էր նպաստել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը: Նման կարծիք հայտնեց թուրքագետ Վլադիմիր Ավատկովը:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վերջին հարցազրույցում հայտարարել էր, որ եթե Երևանն ու Անկարան նստեն բանակցությունների սեղան, ապա Ռուսաստանը կարող է իր ակտիվ աջակցությունը ցուցաբերել կողմերին: Լավրովը նաև նշել էր, որ Մոսկվայում ցանկանում են, որպեսզի ԵԱՏՄ-ի արտաքին սահմանի հայ-թուրքական հատվածը բաց լինի մարդկանց, ապրանքների ու ծառայությունների ազատ տեղաշարժի համար:
Այս կապակցությամբ, ինչպես նշում է Ավատկովը, քանի որ Թուրքիան սկսում է խորացնել համագործակցությունը ՌԴ հետ, կարելի է ակնկալել այդ հարաբերությունների որոշակի ազդեցություն նաև ԵԱՏՄ անդամ պետությունների վրա:
«Իսկապես, այս փուլում Թուրքիա-ԵԱՏՄ փակ սահմանը` ի դեմս Հայաստանի, շատերին ձեռք չի տալիս: Եվ հարաբերությունների որոշակի կարգավորումը, թեկուզ առևտրային հարաբերությունների կոնտեքստում, շատերին ձեռնտու կլիներ, այդ թվում և Հայաստանին: Ցավոք, Երևանի և Անկարայի միջև առկա պատմական տարաձայնությունները այդ երկխոսությունը անհնար են դարձնում: Սակայն եթե կողմերը կարողանան ինչ-որ ձևով "մոռանալ" դրանք և փորձեն կառուցել հարաբերությունները առևտրի շրջանակում, ապա հնարավոր է, որ աստիճանաբար կհաղթահարվեն նաև մյուս խոչընդոտները», — EADaily-ի հետ զրույցում ասաց Ավատկովը:
Հիշեցնենք, 2009-ի հոկտեմբերին Հայաստանն ու Թուրքիան փաստացի ԱՄՆ ձեռամբ ստորագրեցին դիվանագիտական հարաբերությունները կարգավորող փաստաթղթեր, սակայն հետագայում Անկարան ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորեց ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ` Ադրբեջանին Երևանի կողմից միակողմանի զիջումների նախապայմանով: Այդպիսով, կարգավորման գործընթացը մտավ փակուղի:
Անկարան այսօր էլ շարունակում է աջակցել Բաքվի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում, ինչը լրջագույն խոչընդոտներ է ստեղծում Երևանի հետ հնարավոր հաշտեցման ճանապարհին: Ընդհանուր առմամբ, ինչպես նշում է Ավատկովը, Թուրքիան, հեռվանալով Արևմուտքից, այդուհանդերձ չի հրաժարվում իր ապակառուցողական գաղափարներից: Անկարան շարունակում է վարել ակտիվ արտաքին էքսպանսիոնիստական քաղաքական կուրս հետխորհրդային տարածքում:
Այդ ամենի ֆոնին ՌԴ գործունեության մեջ պետք է լինի ստիպել Անկարային հրաժարվել այդ ապակառուցողական դիրքորոշումից.
«Բայց այս փուլում դա հնարավոր չէ առաջիկա սահմանադրական հանրաքվեի պատճառով, որը կկայանա ապրիլի 16-ին: Էրդողանին հարկավոր են ազգայնական միտումներ, որպեսզի նա ստանա ազգաբնակչության աջակցությունը հանրաքվեում: Եվ եթե կարելի է խոսել դիվանագիտական նախաձեռնությունների մասին, ապա միայն ապրիլից», — նշեց Ավատկովը` չբացառելով որոշակի առաջխաղացում հանրաքվեից հետո:
«Համոզված եմ, որ ՀՀ և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը պարտադիր չէ սկսել պատմական և աշխարհաքաղաքական խնդիրների կարգավորումից: Կարելի է սկսել երկրորդական հարցերից, օրինակ տնտեսությունից», — հավելեց նա: