Երևանում մեկնարկեց «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված բողոքի երթը
Մարտի 17-ի Երևանի կենտրոնում` Ազատության հրապարակում մեկնարկեց «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված հանրահավաքը, որն այնուհետեւ վերածվեց երթի՝ դեպի Մաշտոցի պողոտա:
Հավաքի նախաձեռնողներից անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ներկայացնելով իրենց պահանջները, ասաց, թե Արթուր Սարգսյանը պետք է հուղարկավորվի Եռաբլուրի պանթեոնում և բացի այդ պատասխաատվության ենթարկվեն նրա մահվան հետ ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեցող բոլոր մարդիկ:
Նրա խոսքով, ներկայացված պահանջներն ի կատար ածելու համար, կդիմեն բոլոր միջոցներին: "Հադես կգանք երթերով ու պահանջներով, նաև կլինի նստացույց, բայց հուղարկավորությունից հետո", - ասաց նա:
«Հաց բերող» Արթուր Սարգսյանը, ով մեղադրվում էր «Սասնա ծռեր» զինված խմբին աջակցելու մեջ, մահացել է մարտի 16-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում։ Մարտի 16-ին մի խումբ երիտասարդներ, ի հիշատակ «Հաց բերողի», բողոքի ակցիա էին կազմակերպել Ազատության հրապարակում, որից հետո երթով շարժվել դեպի Գլխավոր դատախազություն։
Այն բանից հետո, երբ նրանց թույլ չտվեցին մուտք գործել Դատախազություն եւ Արդարադատության նախարարություն, նրանք որոշեցին հեռացալ եւ բողոքի հավաք անցկացնել այսօր: