25.11.2024
ԱԺ ընտրությունների ֆավորիտները ռուսամետ ուժերն են
prev Նախորդ նորություն

Պատգամավոր են ծեծել. ՀՀԿ-ն պնդում է՝ դեպքը աղերս չունի քաղգործընթացների հետ (լրացված)

ՀՀԿ Աջափնյակի նախընտրական շտաբը մամուլի ծառայություն հաղորդագրություն է տարածել ԲՀԿ-ի կողմից Աջափնյակում ռեյտինգային կարգով առաջադրված Վահան Կարապետյանի ծեծի ենթարկվելու միջադեպի առնչությամբ: Ինչպես միշտ Հանրապետական կուսակցությունը հայտարարում է, որ այն որևէ աղերս չունի քաղաքական գործընթացների և առաջիկա ընտրությունների հետ, ինչն ավելի քան տարօրինակ է, որովհետև տեղի է ունեցել միջադեպ ընտրություններում ֆավորիտ ուժերի ներկայացուցիչների միջև, որոնք, բացի այդ, նաև մրցակիցներ են  ռեյտինգային ընտրակարգով:


Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ համաձայն մամուլի՝ երեկ ուշ գիշերին դաժան ծեծի է ենթարկվել Աջափնյակում, թիվ 2 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Վահան Կարապետյանը (Չերիի Վահանը)։ Նույն ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդի, Պետական գնումների գործակալության պետ Արման Սահակյանի գլխավորած բանդան՝ Ֆազի եւ Գարիկի գլխավորությամբ, Վահան Կարապետյանի հետ ծեծի են ենթարկել մի քանի հոգու եւս՝ ջարդելով նաեւ մի քանի ավտոմեքենա։ Նշվում էր, որ Գագիկ Ծառուկյանն իր տղաներին հանձնարարել է՝ փնտրել եւ պատժել մեղավորներին ամենախիստ ձեւով. վիճակը պայթյունավտանգ է: 


ՀՀԿ Աջափնյակի նախընտրական շտաբի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է.


«Աջափնյակ վարչական շրջանում նախորդ օրը տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հայտնում ենք, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի և իր նախկին մտերիմներից մեկի միջև տեղի ունեցած վիճաբանությունը, որը, ցավոք, ուղեկցվել է ֆիզիկական ուժի գործադրմամբ, բացարձակապես աղերս չունի քաղաքական գործընթացների և գալիք ընտրությունների հետ:


Կարևորում ենք նաև այն հանգամանքը, որ տեղի ունեցածը ի սկզբանե հրահրվել է անձամբ ԲՀԿ պատգամավոր Վահան Կարապետյանի և իր համակիրների կողմից ՀՀԿ նախընտրական շտաբերից մեկի մոտակայքում: Ինչ վերաբերում է ապրիլի 2-ից հետո հնարավոր զարգացումներին, ապա տեղեկացնում ենք, որ ՀՀԿ Աջափնյակի կառույցը ջատագովն է իրականությունը պարզելու և բոլոր մեղավորներին իրենց տեղը դնելու, անկախ զբաղեցրած դիրքից և պաշտոնից:


Գալիք ընտրություններին Աջափնյակում վերահաս պարտությունից սադրանքների դիմող թեկնածուի թիմին առաջարկում ենք վերադառնալ քաղաքակիրթ հարթություն: Մեր կողմից գործադրելու ենք բոլոր ջանքերը ընտրական գործընթացներն օրինականության դաշտում պահելու ուղղությամբ»:


Սա արդեն առաջին դեպքը չէ, երբ Հանրապետական կուսակցության ակտիվիստների ու համախոհների անունները հիշատակվում են նման միջադեպերում: Ամենից թեժ պայքարը Արարատի մարզում է, որտեղ ՀՀԿ-ական մարզպետ Արամայիս Գրիգորյանը փորձում է իր իշխանությունը հաստատել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տիրույթներում, ինչի համար անգամ ՀՀԿ դեմ է աշխատեցնում ողջ ադմինիստրատիվ ռեսուրսը: Եվ ավելի քան ակնհայտ է, որ իրավիճակը գնալով ավելի անկառավարելի է դառնալու, քանի որ դեռ նախընտրական ժամանակահատվածի մեջտեղում ենք:


Նշենք, որ օրվա վերջին  հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Վահան Կարապետյանն այսօր բացատրություն է տվել ոստիկանությունում և հայտարարել, որ միջադեպ տեղի չի ունեցել, ինքը պարզապես ընկել է։


Ոստիկանությունը, այդուհանդերձ, շարունակում է դեպքի առթիվ նյութեր նախապատրաստել։