Վերաքննիչ քրեական դատարանում գործի քննությունը պետք է ավարտվի վեց ամսում. նախարար
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
Կառավարությունը սահմանում է հստակ ժամկետներ՝ Վերաքննիչ քրեական դատարանում գործերի քննության համար։ Գործի երկարաձգման անբավարար հիմնավորումները կարող են դառնալ դատավորի կարգապահական պատասխանատվության հիմք։
Հունիսի 12-ի կառավարության նիստում հաստատվեց նախագիծ, որով սահմանվում են հստակ ժամկետներ՝ Վերաքննիչ քրեական դատարանում գործերի քննության համար։ Ըստ առաջարկվող կարգավորման՝ գործի քննությունը պետք է ավարտվի վեց ամսվա ընթացքում, բացառիկ դեպքերում՝ առավելագույնը տասը ամսում, եթե առկա է պատշաճ պատճառաբանված որոշում։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ընդգծեց, որ եթե գործի քննությունն անցնի սահմանված 10 ամսվա սահմանը առանց հիմնավորված պատճառաբանության, դա դառնում է դատավորի կարգապահական պատասխանատվության հիմք։ Միևնույն ժամանակ, ժամկետի սպառումը չի նշանակում, որ գործի քննությունը կդադարեցվի։ Դատարանը շարունակելու է քննությունը և որոշում կկայացնի, սակայն արդեն կարգապահական հետեւանքներ կունենան այն դատավորները, ովքեր չեն պահպանել ժամկետները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ նման դեպքերում պահանջվելու է շատ ծանրակշիռ հիմնավորում։ «Եթե չկա այդպիսի հիմնավորում, ապա դա արդեն կարգապահական միջոցառման առիթ է», – ասաց նա։ Նախարար Գալյանը հավելեց, որ նույնիսկ երբ գործը երկարաձգվում է, պատճառաբանությունը պետք է լինի հիմնավորված և հստակ ներկայացված։ Հակառակ դեպքում կծագի դատավորի պատասխանատվության հարցը։