Վրաստանի հայ համայնքը և ազատ քաղաքացիներ խիստ գնահատականով հանդես են եկել՝ պաշտպանելով Հայ Առաքելական Եկեղեցին և դատապարտելով այն քաղաքականությունը, որը, իրենց համոզմամբ, նպատակ ունի քայքայել ազգային ինքնությունը։
Վրաստանի հայ համայնքը և մի շարք ազատ քաղաքացիներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ խորը մտահոգությամբ արձագանքել են Հայաստանի իշխանությունների՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված գործողություններին։
«Մենք վրդովմունքով արձագանքում ենք Հայաստանի իշխանությունների կողմից Եկեղեցու նկատմամբ իրականացվող պարբերական և հետևողական հարձակումներին», — նշված է հայտարարությունում։
Ըստ հեղինակների՝ Հայ Առաքելական Եկեղեցին պարզապես կրոնական կառույց չէ, այլ ազգային ինքնության ողնաշար՝ պատմական հիշողության, միասնության և արժանապատվության կենդանի մարմնավորում։ Այսօր, երբ հայ ժողովուրդը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ՝ Արցախից բռնատեղահանություն, գերիներ Բաքվում, տարածքային կորուստներ, Եկեղեցուն թիրախավորելը համարժեք է հարվածի՝ ողջ հայությանը։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Սարդարապատում հոգևորականի բարձրաձայնած դիրքորոշմանը իշխանությունը պատասխանում է արհամարհանքով և հայհոյանքով, իսկ երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը միջազգային հարթակներում բարձրացնում է Արցախի ժառանգության հարցը, նրան մեղադրում են կեղծ հռչակագրերի մեջ։
Ըստ հայտարարության՝ սա պատահականություն չէ, այլ նպատակաուղղված քաղաքականություն, որը միտված է քանդելու ազգային ինքնությունը, թուլացնելու հավաքական դիմադրությունը և դատարկելու պետականության հոգևոր բովանդակությունը։
«Մենք չենք լռելու, երբ ոտնահարվում են սրբությունները։ Մենք մերժում ենք այդ ոճի իշխանությունը՝ որը հայհոյում է սեփական հոգևոր ժառանգությունը, շնորհավորում է Ադրբեջանին ու Թուրքիային, մինչդեռ ադրբեջանցի կրոնապետը Էջմիածինը հռչակում է ադրբեջանական։ Սա արդեն կուսակցական հարց չէ, այլ՝ համազգային ճակատագրի», — ասվում է հայտարարության ավարտին։
Հայաստանի իշխանությունների և Հայ Առաքելական Եկեղեցու միջև հակամարտությունը սրվեց այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն մեղադրեց եկեղեցականներին կեղծավորության, քաղաքական կողմնակալության և կուսակրության ուխտի խախտման մեջ։ Նրա խոսքով՝ բազմաթիվ բարձրաստիճան հոգևորականներ, թեև ֆորմալ առումով համարվում են կուսակրոն, փաստացի ունեն ընտանիքներ, ինչը, վարչապետի համոզմամբ, խարխլում է եկեղեցու բարոյական հեղինակությունը։ Այս հայտարարությունները սուր արձագանք ստացան Սուրբ Էջմիածնից, որը մեղադրեց իշխանություններին՝ եկեղեցին վարկաբեկելու և նրա գործերին խառնվելու փորձերի մեջ։